Հայաստանը հայտնվել է այն 18 երկրների ցանկում, որոնց օրենսդրության մեջ կանանց նկատմամբ խտրականության դրույթներ չկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Համաշխարհային բանկի' կանանց, բիզնեսի և օրենքի հարցերով զեկույցում (Women, Business and the Law 2016)
Համաշխարհային բանկը հետազոտություն է անցկացրել 173 երկրներում, որոնցից միայն 18-ն իրենց օրենսդրության մեջ չունեն կանանց նկատմամբ խտրականություն ենթադրող դրույթ: Հայաստանի հետ նույն ցանկում հայտնվել են նաև Կանադան, Էստոնիան, Հունգարիան, Կոսովոն, Մալթան, Մեքսիկան, Հոլանդիան, Նամիբիան, Նոր Զելանդիան, Պերուն, Պուերտո Ռիկոն, Սերբիան, Սլովակիան, Հարավային Աֆրիկան, Իսպանիան և Թայվանը:
Համաշխարհային բանկի տվյալներով' երկրների մեծ մասում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորվում է հիմնականում աշխատանքային օրենսդրության մեջ: Ինչպես նշվում է զեկույցում, 18 այլ երկրներում' Բահրեյնում, Բոլիվիայում, Կամերունում, Չադում, Կոնգոյում, Գաբոնում, Գվինեայում, Իրանում, Հորդանանում, Քուվեյթում, Մավրիտանիայում, Նիգերում, Քաթարում, Սուդանում, Սիրիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եմենում, ամուսնացած կանայք չեն կարող աշխատանքի տեղավորվել առանց իրենց ամուսինների թույլտվության:
Զեկույցը կազմվել է ըստ զբաղվածության և գործարարության ոլորտներում կանանց իրավունքների մակարդակի տվյալաների, այդ թվում' կարո՞ղ են կանայք զբաղվել իրենց ուզած աշխատանքով, վարկերը հասանելի՞ են նրանց համար, սահմանափակվում են նրանց իրավունքները աշխատատեղ և բնակության վայր ընտրելու հարցում: