Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն այն կարծիքին է, որ վերջին շրջանում ներքաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերադարձվեց 2007թ. «ռելսերի» վրա: Նա նաև այն կարծիքին է, որ թեև կուսակցության նոր ղեկավարն արդեն հայտարարել է, որ գործելու են ընդդիմադիր դաշտում, ԲՀԿ -ն արմատական ընդդիմություն չի կարող լինել: Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն ի սկզբանե եղել է կուսակցություն, որը ստեղծվել է քաղաքական դաշտի այն քվեները վերցնելու համար, որոնք չէին գնալու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: «Այս քաղաքական ուժը ստեղծվել էր այդ անկայուն և ոչ գաղափարական ընտրազանգվածի քվեները վերցնելու համար: ԲՀԿ-ն նախատեսված էր որպես բուֆեր ծառայել՝ երբեք չսպառնալով իշխանություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Սաֆարյանը:
Նա նկատեց, որ այս տարի ԲՀԿ առաջնորդը լուրջ հայտ ներկայացրեց «նախագիծ» լինելու փուլից անցնելու քաղաքականության սուբյեկտի փուլին, որովհետև նա ցանկանում էր որոշել, թե ով պետք է իշխի երկրում, ով կառավարի: «Եվ այս պայմաններում այն, ինչ տեղի ունեցավ, կոպիտ ասած, սա էր՝ Գագիկ Ծառուկյան, սա Ձեր կուսակցությունը չէ, դուրս եկեք: Սա էր փաստացի ինչ տեղի ունեցավ»,- նշեց Սաֆարյանը:
Քաղաքագետը հիշեցրեց, որ Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել է ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելու մասին, սակայն նկատեց, որ ՀՀ իշխանություններին ավելի շատ մտահոգում է ոչ թե ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելը, այլ այն հավակնությունները, որ ուներ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: