Շատերին է հուզում այն հարցը, թե հեռուստացույցները կամ ապակոդավորող սարքերը ինչպիսի ստանդարտների պետք է համապատասխանեն, որպեսզի հնարավոր լինի ստանալ թվային ազդանշանը և օգտվել թվային հեռուստատեսության հնարավորություններից:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ մարտի 9-ին կայացած հանդիպմանը պարզաբանեց վերը նշված խնդիրը: «Ես խորհուրդ եմ տալիս բոլորին հեռուստացույց կամ ապակոդավորող սարք գնելիս անպայման տեղեկանալ, թե տվյալ սարքը արդյոք համապատասխանո՞ ւմ է DVB-T2 ստանդարտին, թե ոչ, քանի որ նույնիսկ թանկարժեք սարքը կարող է չհամապատասխանել վերը նշված ստանդարտին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նա:
Նա հավելեց, որ ապակոդավորող սարքերի գները տատանվում են 8000-40.000 ՀՀ դրամի սահմաններում: «Այլ երկրներում պետությունը ապակոդավորող սարքերը բերելու համար տենդեր է հայտարարում: Հայաստանում որևէ տենդեր չհայտարարվեց, և ձեռներեցներն իրենք են բերում են այդ ապակոդավորող սարքերը»,-նշեց Մելիքյանը:
Նա նկատեց, որ տեխնիկական առումով թվայնացման գործընթացը գրեթե ավարտված է: «Հեռուստաընկերությունների թվայնացումն անհրաժեշտ գործընթաց է: Սակայն ես համոզված եմ, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը պետք է փոփոխել, քանի որ ներկայիս օրենքով հնարավորություն չստեղծվեց, որ որևէ մարզում մեկից ավելի հեռուստաընկերություն լիներ»,-շեշտեց Մելիքյանը և հավելեց, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և Մեդիա կենտրոնի ուժերով պատրաստված օրենսդրական նախագիծը ներկայացվել է ՀՀ ազգային ժողով:
ՀՀ-ում հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը համարվում է 2009 թվականը, երբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը։ Թվայնացման պայմաններում աշխատելու իրավական հիմքերը սահմանվել են 2010 թվականին ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» անցումային օրենքով, որով 2015 թվականի հուլիսի 1-ը սահմանվել է վերջնաժամկետ իրավահարաբերությունների կարգավորման համար։ Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքներն սկսվել են 2014 թվականի հունվարի 14-ից։ Աշխատանքներն իրականացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ շվեդական «ԷՐԻՔՍՈՆ» կազմակերպության հետ։