ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին առևանգելու դեպքի առթիվ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի մարտի 2-ին Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Գրիգորյանը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իր անչափահաս որդու ընտրյալի հայրը՝ Գ. Համբա րյանը, առևանգել է իր անչափահաս որդուն, ծեծել ու ձեռքից վերցրել բջջային հեռախոսը:

 

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գ. Համբարյանը, տեղեկանալով, որ անչափահաս տղան սիրահետում է իր անչափահաս աղջկան, 2015 թվականի փետրվարին, նույն քաղաքի երկու բնակիչների հետ նախնական համաձայնությամբ, Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասից բացահայտ առևանգել է տղային։ Վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ նրան նստեցրել են ավտոմեքենան և տեղափոխել անասնագոմ, մետաղյա շղթայով կապել անչափահասի ձեռքերը, սպառնացել, ստիպել, որ չանհանգստացնելու խոստում տա, որից հետո վերցրել նրա բջջային հեռախոսը և ազատ արձակել:

 

 

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն: Անչափահաս տղան ճանաչվել է որպես տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: