ԱՄՆ իշխանությունները 5 անգամ ավելացրել են 8 տարի առաջ Իրանում անհետացած ամերիկացու պատմության մեջ հստակություն մտցնող տեղեկատվության դիմաց խոստացված պարգևի չափը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նա նշել է, որ ԱՄՆ Հետախուզության դաշ նային բյուրոն (FBI) 1 միլիոն դոլարից 5 միլիոն է դարձրել տեղեկատվության արժեքը, որը կնպաստի Ռոբերտ Լևինսոնին անվնաս վերադարձնել ԱՄՆ:

 

Պետքարտուղարը հիշեցրել է, որ մարտի 9-ին լրանում է 8 տարին, ինչ Լևինսոնն անհետացավ Քիշ կղզու մոտակայքում: «Նա անցկացրել է 2 հազար 900 օր առանց իր ընտանիքի անդամների ու հարազատների: Տարեցտարի իր ընտանիքի ցավն ավելանում է նրա բացակայության պատճառով: Նրա' տուն վերադառնալու ժամանակն է»,- ասել է Ջոն Քերին' մտահոգություն հայտնելով Լևինսոնի առողջական վիճակի վերաբերյալ' պայմանավորված նրա տարիքով:

 

Քերին նաև Իրանի իշխանություններին կոչ է արել համագործակցել ԱՄՆ-ի հետ' Լևոնիսոնի անհետացման պատճառները ուսումնասիրելու հարցով:

 

2007 թվականի մարտին ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Լևինսոնը, ով այդ ժամանակ 60 տարեկան էր, անհետացել է իրանական Քիշ կղզու շրջակայքում: Նա նախկինում աշխատել է ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյում և զբաղվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերով, սակայն, ըստ գործակալության, նա աշխատանքից դուրս էր եկել անհետացումից տարիներ առաջ: