Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի «Scoopi Café» սրճարանը հայտարարել է իր ճաշացանկում աշխարհի ամենաթանկ պաղպաղակի հայտնվելու մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պաղպաղակը կրում է «սև ադամանդ» անվանումը, որի յուրաքանչյուր գնդիկի արժեքը կազմում է 816 դոլար: Հրուշակագործները աղանդերի բաղադրության վրա աշխատել են մեկ ամսից ավելի՝ ընտրելով լավագույն մթերքները աշխարհի տարբեր անկյուններից: Պաղպաղակի բաղադրության մեջ մտել են մադագասկարյան վանիլինը, իրանական շաֆրանբ համեմունքը, իտալական տրյուֆելը և ամենամաքուր ուտելի ոսկին: Պաղպաղակը մատուցվում է Versace բաժակով, որը հաճախորդը կարող է տանել իր հետ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ավստրալիայում վաճառվում է մթության մեջ առկայծող պաղպաղակ: Պաղպաղակը լույս է արձակում ռեակտիվ ներկերի շնորհիվ, որի կիրառումը վավերացված է Ավտսրալիայի թերապևտիկ ապրանքների վարչության կողմից: