Մերձավոր Արևելքում շարունակում են շքեղության համաշխարհային ռեկորդներ գրանցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս անգամ ռեկորդ է սահմանվել Դուբայի «Galleries Lafayette» ռեստորանում, որտեղ պատրաստվել է աշխարհում ամենաթանկ բուրգերը: Ռեստորանը գտնվում է Dubai Mall առևտրի կենտրոնում, որտեղ կայացել է բարեգործական ակցիա և խոհարարական շոու: Բուրգերում չեն ներառվել թանկարժեք մթերքներ: Բաղադրության մեջ ընդգրկվել են քունջութով վարդագույն հաց, կոտլետ, սալաթ, թթու վարունգ և սոուս: Ուտեստի արժեքը բարեգործական աճուրդում, որը տևել է 45 րոպե, հասել է մինչև 25 հազար 960 դիրհամի, որը համարժեք է 7 հազար ԱՄՆ դոլարի:
Ամենաթանկարժեք բուրգերը պատրաստել է շեյխ Մուհամմադ բն Աբդ Ալլահ ալ Թամին՝ ԱՄԷ-ում «Pink Caravan» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչը:
Նախորդ ռեկորդը գրանցվել էր Լաս Վեգասում, որտեղ պատրաստված բուրգերը վաճառվել էր 5 հազար դոլարով: