ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Սյունիքի մարզի բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչ Ի.Բալասանյանը համակրել է նույն մարզի 19-ամյա բնակչուհուն: Ընկերություն անելու նպատակով բազմիցս զանգահարել է նրան, սակայն վերջինս մերժել է, արտահայտել իր անձնական հակակրանքը: Մերժում ստանալով՝ Ի.Բալասանյանը որոշել է ամուսնանալու նպատակով փախցնել աղջկան, ինչն իրականացնելու համար նախնական համաձայնություն է ձեռք բերել իր եղբոր և ընկերների հետ։
Զրուցելու պատրվակով, խաբեությամբ 2015 թվականի փետրվարի 24-ին Ի.Բալասանյանի ընկերը աղջկան հրավիրել է այգի, որտեղ ստիպողաբար, բռնություն գործադրելով նրան նստեցրել են ավտոմեքենան, որը վարել է Բալասանյանի եղբայրը, և առևանգել: Սիսիան տանող ճանապարհին փոխել են ավտոմեքենան և աղջկան տեղափոխել Կապան՝ անտեսելով աղջկա օգնության կանչերը, փախուստի փորձերը և իրեն ազատ արձակելու պահանջը:
Նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, առևանգման մասնակից անձանց ինքնությունը։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2015 թվականի մարտի 5-ին ուղարկվել է նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: