ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 20-ամյա աղջկա առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով, բացահայտ առևանգել է նույն քաղաքի բնակչուհի, 2000թ. ծնված աղջկան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդն իր մտադրությունն իրականացնելու նպատակով, նախապես պլանավորելով ամուսնության նպատակով 20-ամյա աղջկա առևանգումը, սկզբում դիմել է իր երկու ընկերներին, որոնց հետ 2020թ. դեկտեմբերի 18-ին' ժամը 11:00-12:00-ի սահմաններում, «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են աշխատավայր գնացող աղջկան և փողոցում նրա նկատմամբ բռնություն գործադրելու' ձեռքերից, ոտքերից գրկելու միջոցով, նրա կամքին հակառակ, հարկադրաբար նստեցրել են հիշյալ ավտոմեքենայի հետևի նստատեղում, ու աղջկա' իրեն չառևանգելու, տուն վերադարձնելու խնդրանքն անտեսելով, նրան բացահայտ առևանգելով տեղափոխել են Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղից ավելի ուշ աղջիկը ծնողի հետ վերադարձել է տուն:
Այնուհետև՝ առևանգումից հետո շուրջ մեկ ամիս անց, աղջկանից կրկին ստանալով մերժում, 2021թ. հունվարի 18-ին երիտասարդն իր երկու բարեկամների հետ է նախապես պայմանավորվել ամուսնության նպատակով աղջկա առևանգումը համատեղ կատարելու շուրջ: Այդ նպատակով 2021թ. հունվարի 18-ին' ժամը 11:00-ի սահմաններում, ավտոմեքենայով հետապնդել են ընկերուհու հետ համալսարան գնացող աղջկան, ապա փողոցում մի կողմ քաշելով աղջկա ընկերուհուն, խափանել են վերջինիս' առևանգմանը խոչընդոտելու և միջամտելու փորձերը, և աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու, այն է' գրկելու և դեպի մեքենան քաշելու միջոցով, բացահայտ առևանգել են նրան, իր կամքին հակառակ, հարկադրաբար նստեցրել են հիշյալ ավտոմեքենայի հետևի նստատեղում և տեղափոխել Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, 20-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, կատարվել են հարցաքննություններ, առերեսումներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին, նրա երկու ընկերներին և բարեկամներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի մյուս բարեկամին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: