2020 թ. հուլիսի 16-ին Արարատի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն մարզի բժշկական հաստատության աշխատակցի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել և 2020 թ. հուլիսի 13-ին իր նորածին դստերը 2000 ԱՄՆ դոլարով վաճառել է երևանաբնակ ամուսինների: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին, ունենալով ութ ամսական հղիություն, 2020 թ. հունիսին բժշկական հաստատության աշխատակիցների կազմակերպմամբ և օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևան քաղաքի բնակչուհու հետ 2000 ԱՄՆ դոլարով երեխայի վաճառքի շուրջ վերջինիս խնամքին հանձնելու նպատակով:
Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի բնակչուհին ընդունվել է Երևանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020 թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա և բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո՝ 2020 թ. հուլիսի 13-ին, երեխային հանձնել գնորդին՝ Երևանի բնակչուհուն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեխային վաճառող կնոջը և գնորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի բնակչուհու ամուսնուն և բուժաշխատողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով, վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ նորածնի մայրը երեխային ունեցել է արտաամուսնական կապից, նախատեսված 2 հազար դոլարի փոխարեն գնորդ կնոջից ստացել է 50 հազար դրամ, իսկ ձերբակալվածներից մեկը Երևանի բուժհաստատություններից մեկի մանկաբարձուհին է: