Գյումրիում ավարտին են մոտենում Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի /ՃԿԿ/ վերանորոգման աշխատանքները: Գյումրու ավագանու որոշմամբ' 2014թ. սեպտեմբերի 30-ից, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրված տարածքում՝ Դեմիրճյան 23 հասցեում, սկսվեցին վերանորոգման աշխատանքներ: Դրանք արդեն ավարտական փուլում են, բայց տարածքի բարեկարգման աշխատաքները կիրականացվեն ավելի ուշ:

 

 

Շուրջ 460 քառակուսի մետր տարածք ունեցող կառույցը, որը տնակային շինություն է, նախկինում ծառայել է որպես մանկապարտեզ: Կենտրոնում կտեղակայվի ՀՀ ՏԿԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունը՝ իր ստորաբաժանումներով: Տարածքում ՃԿԿ-ին զուգահեռ կգործի նաև 911 ծառայությունը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին վստահեցրեց ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը, ողջ շինության վերանարոգման աշխատանքները կավարտեն երկու օրից: Կապի համար կառույցին կից կառուցվել է աշտարակ: «Երբ տեխնիկան ամբողջովին տրամադրվի, այդ ժամանակ մենք կարող ենք տեղափոխվել: Ի դեպ, տեխնիկայի որոշակի մասը՝ ՏԿԱԻ նախարարության կողմից արդեն տ րամադրված է, և, եթե տեխնիկան տեղադրվի, մինչև մարտի վերջ մենք արդեն կարող ենք տեղափոխվել, և վարչության աշխատանքերը կիրականացվեն այս հասցեից, իսկ տարածքի բարեկարգումը կիրականացվի ավելի ուշ՝ մարզի հրատապ խնդիրների լուծման հերթական ծրագրի միջոցներով»,- նշեց Մարատ Սարիբեկյանը:

 

 

Ինչ վերաբերում է մասնագիտներին, մարզի փրկարարական վարչության պետը տեղեկացրեց, որ վարչությունը շարունակում է հավաքագրել երիտասարդների, նրանցից կկատարվի ընտրություն:

 

 

Արմենուհի Մխոյան