Բաքվի Յասամալի շրջանի «Սովետսկի» թաղամասում թմրամոլների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մոտ 100 մարդ է մասնակցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով milli.az լրատվական կայքը, ծեծկռտուքը հրահրել են Եվլախի շրջանից ժամանած երիտասարդ թմրամոլները, որոնք միջադեպի վայր էին ժամանել 12 ավտոմեքենայով: Նրանք զինված են եղել սառը զենքերով եւ մետաղաձողերով: Ծեծկռտուքի արդյունքում կան վիրավորներ եւ տուժածներ:
Ըստ ադրբեջանական կայքի, ծեծկռտուքի պատճառը Բաքվից մատակարարվող թմրանյութերի ցածր որակն է, ինչի դիմաց շրջանների սպառողներից բարձր որակի թմրանյութի գին է պահանջվում վճարել:
Կայքը հայտնել է, որ չնայած թմրամոլների ծեծկռտուքը Բաքվում տեղի է ունեցել երեք օր առաջ, սակայն այդ մասին մինչ այժմ պաշտոնական հաղորդագրություն չի եղել:
Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանության վարչության պետ Անար Դեմիրչիեւը հայտարարել է, որ պատճառները, որոնց հետեւանքով տեղի է ունեցել ծեծկռտուքը, չեն բացահայտվում հետաքննության շահերից ելնելով: