Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում չկան մարզիկներ, ովքեր հրաժարվել են Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելուց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը:
Խիթարյանը, մասնավորապես, նշեց. «Դեռ ժամանակ ունենք թիմի կազմը հրապարակելու համար: Այժմ հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Չեխիայում: Մինչ Բաքու մեկնելը, մեր թիմը կմասնակցի Թբիլիսիի Գրան-պրիին և Թուրքիայում կայանալիք մրցաշարին: Ձյուդոյի ֆեդերացիայում դեռևս չկան մարզիկներ, ովքեր հրաժարվել են Բաքու մեկնելուց: Մարզիկներից յուրաքանչյուրի համար պետք է պարտք լինի մասնակցել Բաքվի խաղերին և Հայաստանի դրոշը բարձրացնելու համար կռիվ տալը»:
Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանն էլ նշեց, որ խաղերին նախապատրաստվում են. «Խաղերի վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացավ: Բաքու պետք է մեկնենք մեր ուժեղագույն մարզիկներով, Բաքու մեկնել-չմեկնելու հարց մեզ մոտ չի եղել»: