Միջազգային դիրքորոշման յուրաքանչյուր փոփոխություն դրական է, եթե դա անկեղծ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Ջերիի հայտարարության վերաբերյալ իրանական հեռուստատեսությամբ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը՝ ավելացնելով, որ պետությունների դիրքորոշման իրական փոփոխությունը կլինի այն, որ սրանք դադարեցնեն ահաբեկիչների կազմակերպչական և քաղաքական աջակցությունն, ինչպես նաև դադարեցնեն նրանց ֆինանսավորումը և զինումը: «Մենք պետք է սպասենք կոնկրետ գործողությունների, այնուհետև որոշում ընդունենք»,- նշել է Ասադը:

 

Ասադի խոսքով՝ հայրենիքը պաշտպանելուց բացի այլընտրանք չկա՝ հաստատելով, որ Սիրիայի նախագահի ապագայի վերաբերյալ խոսքը պատկանում է սիրիացի ժողովրդին, իսկ դրսից հնչող խոսքերն իրենց չեն վերաբերում:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին CBS հեռուսաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ-ն ի վերջո ստիպված է բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: «Արդյունքում մենք ստիպված կլինենք բանակցություններ վարել: Մենք միշտ ցանկացել ենք դա անել «Ժնև-1» միջսիրիական բանակցությունների համատեքստում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ բոլորը քաղաքական լուծում են փնտրում:

 

Քերիի խոսքով' ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայի ղեկավարին ստիպել բանակցություններ սկսել: Նա նաև նշել է, որ հնարավոր է ջանքեր պահանջվեն տարբեր միջոցներով Ասադի վրա ճնշում գործադրելու համար: