Արքայազն Հարին հավաստել է, որ տասը տարվա ծառայությունից հետո մտադիր է թողնել զինված ուժերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 17-ին գրել է The Guardian թերթը:
Հարին, որն այժմ 30 տարեկան է, ծառայել է որպես Apache ռազմական ուղղաթիռի օդաչու: Նա երկու անգամ գործուղվել է Աֆղանստան, որտեղ, նրա խոսքով, պարբերաբար վիրավոր զինվորների ու տեղի բնակիչների է տեղափոխել հիվանդանոցներ:
Հարիի ծառայությունն ավարտվելու է հունիսին, իսկ մինչ այդ նա չորսշաբաթյա ծառայողական գործուղման կմեկնի Ավստրալիա, իսկ այնուհետեւ այցով կժամանի Նոր Զելանդիա:
Ծառայությունը թողնելուց հետո արքայազնը մտադիր է ուշադրությունը կենտրոնացնել Աֆրիկայում՝ Սահարայից հարավ ընկած շրջանում, հումանիտար առաքելություններին մասնակցության վրա: Հարիի խոսքով՝ ռազմական փորձը «իր հետ կմնա մինչեւ կյանքի վերջը»:
Բացի այդ, նա մտադիր է ուշադրություն դարձնել մարզական մրցումների կազմակերպմանը, որոնց մասնակցում են հակամարտությունների ընթացքում վերքեր ստացած մարդիկ:
2014 թվականի հունվարին հաղորդվել էր, որ արքայազն Հարին կավարտի զինվորական օդաչուի կարիերան, բայց կշարունակի ծառայել բանակում: