Պակիստանի իշխանությունները մարտի 17-ին մահապատժի են ենթարկել տասը կալանավորի, որոնք մեղադրվում էին սպանություններ կատարելու մեջ: Դա մեկ օրում մահապատժի ենթարկված հանցագործների ամենամեծ թիվն է 2015 թվականի մարտի 10-ին մահապատժի 6-ամյա մորատորիումի չեղարկման պահից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

 

Reuters-ի տվյալներով՝ իշխանությունները մահապատժի են ենթարկել 12 մարդու:

 

Բանտային վարչակազմի աշխատակիցների տվյալներով՝ դատապարտվածները մահապատժի են ենթարկվել կախաղան հանելու միջոցով. նրանցից ութին՝ երկրի հյուսիս-արևելքի Փենջաբի նահանգում, ևս երկուսին՝ Պակիստանի հարավի Կարաչի քաղաքում: Այդպիսով, ինչպես նշում է գործակալությունը, դեկտեմբերից ի վեր Պակիստանում կախաղան է հանվել 37 մարդ:

 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին Փեշավարի դպրոցի վրա կատարված հարձակումից հետո, երբ զոհվեց 150 մարդ, ներառյալ ավելի քան 130 դպրոցական, Պակիստանի իշխանություններն ընդունեցին ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր: Դրանից հետո անցկացվել է ավելի քան 16 հազար հատուկ գործողություն, որոնց ընթացքում ձերբակալվել է ավելի քան 12 հազար մարդ, որոնցից 140-ը կասկածվում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ: Ահաբեկչական գործողությունից հետո Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը որոշում ընդունեց չեղյալ հայտարարել մահապատժի մորատորիումը: