Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացումը էներգետիկայի ոլորտում, այդ թվում, «թուրքական հոսքը»: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին' հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

 

«Քննարկվել են երկկողմ փոխգործակցության տարբեր ասպեկտներ, բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի 5-րդ նիստի ընթացքում ընդունված կարևոր որոշումների իրագործումը, այդ թվում' «Թուրքական հոսքը»»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Բացի այդ, պետությունների ղեկավարները քննարկել են արդի միջազգային և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակով հանդիպումների ժամանակացույցը: Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

 

Հիշեցնենք, որ Պուտինը 2014թ.-ի դեկտեմբերի 1-ին պետական այցով մեկնել էր Անկարա, որտեղ հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարող շարունակել «Հարավային հոսք» գազատարի կառուցման նախագիծը' ռուսական գազը Եվրոպա հասցնելու համար, ինչի պատճառը Եվրամիության ապակառուցողական դիրքորոշումն է: