Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտն ալեկոծության ենթարկվեց: Երկրի երկրորդ քաղաքական ուժն իր տեղը զիջեց կամ էլ նոր թափ առավ: Դա, իհարկե, ժամանակը ցույց կտա, իսկ ստեղծված իրավիճակը մասին ԲՀԿ-ականները դեռևս խոսել չեն ուզում՝ ժամանակ են խնդրում հետագա քայլերը մշակելու համար:
Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վանիկ Էլիզբարյանն ասաց, որ ոչ մեկ չէր ցանկանում և չէր էլ պատկերացնում, որ նման իրավիճակ կստեղծվեր, և այս ամենը տեղի կունենար ԲՀԿ-ի հետ: Այս պահին ամենակարևորը ԲՀԿ-ի պոտենցիալի օբյեկտիվ գնահատումն է և կուսակցության հետագա անելիքները ճիշտ հիմքերի վրա դնելը: «Ես վստահ եմ, որ կուսակցության նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և այն քաղաքական թիմը, որ մնաց նրա կողքին, համախմբված է և կկարողանա կարճ ժամանակվա ընթացքում այս հարցերի պատասխանները գտնել և կուսակցությունը ճիշտ հիմքերի վրա դնել»,- ասաց Էլիզբարյանը:
- Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, դուրս եկան կուսակցությունից: Ձեր գնահատմամբ՝ ո՞րն էր պատճառը, ինչո՞ւ թողեցին կուսակցությունը:
- Գագիկ Ծառուկյանի հեռանալը քաղաքականությունից, բոլորիս համար մեծ ցավ է, բայց մենք հարգում ենք նրա որոշումը և համակերպվում ենք դրա հետ:
ԲՀԿ-ում եմ արդեն 10 տարի՝ 2005թ. նոյեմբեր ամսից, այս կուսակցության ակումբներում եմ, իմ գործունեությամբ ցույց եմ տվել, որ իմ ներդրումը կարող եմ ունենալ այս կուսակցությունում և միշտ պատրաստ եմ գործել գաղափարի շուրջ: Չեմ ուզում մեկնաբանել իմ գործընկերների քայլերը, քանի որ յուրաքանչյուր մարդ ազատ է իր կայացրած որոշումներում և ինքն է պատասխանատու իր քայլերի համար: Ես կարծում եմ' նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատճառը' դուրս գալու կամ չգալու:
- ԲՀԿ-ն լքելու մտադրություն Ձեզ մոտ չի՞ առաջացել:
- ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որն իմ քաղաքական ուղու մեջ միակն է: Լքելու մտադրություն չեմ ունեցել: Առաջիններից մեկն եմ եղել, որ հայտարարել եմ' մնալու եմ «Բարգավաճ Հայաստանում» և շարունակելու եմ գործունեությունս, պատրաստ եմ իմ ուսերի վրա վերցնել այն բեռը, որն ինձ կվստահի կուսակցությունը:
Համագումարից հետո մեր կուսակցության նորըտնիր նախագահը ժամանակ խնդրեց: Տվեք մեզ ժամանակ, և բոլոր հարցերի պատասխանը կտանք:
- Ընդդիմություն լինելու գաղափարին համաձա՞յն եք:
- Իհարկե, համաձայն եմ, և եթե անհրաժեշտ լինի կազմակերպելու ենք նաև հանրահավաքներ, մեր համախմբված թիմն օգտագործելու է ընդդիմության ընձեռնված բոլոր հանարավորություններն ի շահ ժողովրդի:
- Հատկապես ի՞նչ կերպ եք պատկերացնում ձեր հետագա անելիքներն ընդդիմության դաշտում:
- Կարծում եմ, որ ակտիվ պայքարի միջոցով միայն կկարողանանք երկիրը դուրս բերել ստեղծված ճգնաժամից, իսկ ինչ վերաբերում է կուսակցությանը` ամեն մեկն իր բաժին ընկած աշխատանքը լավագույնս կատարելու միջոցով կկարողանա զարգացմանը նպաստող գործ անել:
Ն.Ա.