Ադրբեջանում սննդի եւ գյուղատնտեսական ապրանքների պակասի պատճառով աճում են պարենային ապրանքների ներկրման ծավալները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ը գրում է, որ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով' այս տարվա հունվար-փետրվար ամիսներին սննդամթերքի ներկրման ծավալներն, անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, 35,82 տոկոսով աճել են: Մսի ներկրման ծավալները աճել են երկու անգամ, արտահանման արտաքին առեւտրային գործողությունները 18,65 տոկոսով նվազել են: Հունվար-փետրվար ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ 43,45 տոկոսով աճել են Ադրբեջան ներկրվող ընդհանուր պարենային ապրանքների ծավալները: Հիշյալ երկու ամիսների ընթացքում չմշակված նավթի արտահանման ծավալը նվազել է 38,2 տոկոսով:

 

Թերթի հետ զրույցում ադրբեջանցի փորձագետ Վահիդ Մահառամովը արտահանման նկատմամբ ներկրման ծավալների աճն Ադրբեջանում բացատրել է այն բանով, որ «ներկրման մեջ շահագրգիռ ուժեր կան»:

 

Նրա խոսքով' չինովնիկների մեծ բանակը հետաքրքրված չէ Ադրբեջանում սննդի եւ գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ եւ աշխատում է այդ ապրանքներն էժան գներով ներկրել' խուսափելով հարկային վճարներից:

 

Փորձագետն ասել է, որ ներկրումից Ադրբեջանի կախվածությունն արդեն անցել է 50 տոկոսը, ինչը վտանգավոր վիճակ է:

 

«Իրականում Ադրբեջանի կախվածությունը ներկրումից անցել է 50 տոկոսը, ինչը խիստ վտանգավոր վիճակ է: Պարենով մեր ապահովվածությունը, կարելի է ասել, սպառնալից սահմանի վրա է», -նշել է նա:

 

Փորձագետը հայտնել է, որ Ադրբեջանի գյուղատնտեսությունը գնալով հետընթաց է ապրում, ինչն էլ մեծացնում է երկրի կախվածությունը ներկրումից: