Լոնդոնի իրավաբանական պալատի փաստաբան, ՄԻԵԴ-ում թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գործով Հայաստանը ներկայացնող թիմի անդամ Ջեֆրի Ռոբերտսոնը Նյու Յորքում եղել է Charlie Rose Show-ի հյուրը' խոսելով Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդման առաջին հատվածում հաղորդավարի խնդրանքով Ռոբերտսոնը նախ անդրադարձ է նրան, թե ինչու 1915 թվականին դեպքերը պետք է կոչել «ցեղասպանություն»:

 

Իրավաբանը ներկայացրել է, թե ինչպես հարյուր տարի առաջ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում հայ մտավորականներին հավաքեցին և սպանեցին: «Սա միայն սկիզբն էր Ցեղասպանության, որը սպանեց հայ ազգի կեսին: Թուրքիան այժմ ասում է, թե իրենք սպանել են միայն 800 հազար հայերի, բայց իրականում ավելի քան մեկ միլիոն հայ սպանվեց: Տղամարդիկ մեծամասամբ սպանվեցին, իսկ կանայք, երեխաներն ու տարեցները տարվեցին անապատ' քայելելու շուրջ 500 մղոն տարածություն, որտեղ նրանք մահացան տարբեր հարձակումներից, բռնաբարություններից: Իսկ հայերին պատկանող գույքը բռնագրավվեց: Սա Ցեղա սպանություն էր այն ձևակերպմամբ, որը մենք այժմ գիտենք»,- նշել է Ռոբերտսոնը: Նա պատմել է, որ «ցեղասպանություն» եզրույթի հեղինակը ծագումով հրեա լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինն է, ով այդ ժամանակ մեծապես ազդված էր հայերի հետ կատարվածից: Իրավաբանը ներկայացրել է նաև «Նեմեսիս»-ի կողմից թուրք ոճրագործ Թալեաթի սպանությանը, ում նա անվանում է թուրքերի Հիտլեր, ինչպես նաև դրան հաջորդած դատավարությանը, որի արդյունքում Սողոմոն Թեհլերյանն ազատ արձակվեց:

 

Պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե ինչու է Թուրքիան այդքան վախեցած Ցեղասպանությունից, Ռոբերտսոնը նշել է. «Պատճառն այն է, որ այժմ կա միջազգային օրենք, կա փոխհատուցման հարց: Թուրքիան պնդում է, որ հայերին արտաքսելը ռազմական անհրաժեշտություն է եղել: Բայց երեխաների, կանանց և տարեցների արտաքսումն անապատներ, որտեղ նրանք մահացան, որևէ կերպ ռազմական անհրաժեշտություն չի կարող համարվել»: Նա հիշեցրել է, որ բացի սպանություններից, պետական իշխանությունները վարել են թուրքականացման քարոզչություն, ինչի հետևանքով շատ հայեր ստիպված են եղել փոխել իրենց քրիստոնեական անունները' դարձնելով դրանք մուսուլմանական:

 

Անդրադառանալով փոխհատուցման խնդրին' Ռոբերտսոնը հիշեցրել է տարիներ առաջ ՄԻԵԴ կայացրած որոշումը, որով Թուրքիան պատրավորվել էր փոխհատուցում վճարել հույն կիպրացիներին, ովքեր ստիպված հեռացել էին թուրքերի կողմից օկուպացրած Հյուսիսային Կիպրոսից:

 

«Ես ավստրալացի եմ, և մենք մասնակցել են Անզակի ճակատամարտին Գալիպոլիում, որտեղ իմ մեծ հորեղբայրը սպանվել է թուրք դիպուկահարի կողմից: Այդուհանդերձ, ես շատ չեմ հիշում նրան, քանի որ նա կամավոր կերպով էր գնացել կռվելու, իսկ թուրք դիպուկահարը պաշտպանում էր իր դիրքերը: Սակայն դա խիստ տարբեր է միջազգային հանցագործություն լինելուց: Այն, ինչ այդ տարիներին կատարվեց հայերի հետ, նախկին ձևակերպմամբ մարդկության դեմ գործված հանցագործություն էր, իսկ ներկայիս ձևակերպմամբ' Ցեղասպանություն»,- նշել է Ռոբերտսոնը: Նա փաստել է, որ ներկայում Թուրքիայում ´ կա երկու հազար եկեղեցի, որոնք սեփականացվել են թուրքերի կողմից, և որոնք ունեն վերականգնման կարիք:

 

Հիշեցնելով Օբամայի խոստումը' ճանաչելու Ցեղասպանությունը նախագահ ընտրվելու պարագայում, Ռոբերտսոնը հավելել է, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հրեաների հետ տեղի ունեցավ այն ամենը, ինչ օսմանցիները կատարեցին հայերի հետ:

 

Անդրադառնալով ՄԻԵԴ-ի դատավարությանը' նա նշել է, որ իրենք գործ ունեն «խենթ ազգայնական թուրքի հետ, ով միշտ սիրում էր մարտահրավերներ նետել ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծերի դեմ' պնդելով, որ Հայոց ցեղասպանությունը սուտ է»: «Դատարանում մենք որպես հիմք բերեցինք այն, որ պետք է դատապարտել ցեղասպանության ժխտումը, երբ այն նպատակ ունի իսկական ցավ պատճառելու, փոքրամասնության համայնքին վիրավորելու»,- ասել է Ռոբերտսոնը:

 

Նա կարծիք է հայտնել, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին պետք է կախված լինի մի շարք գործոններից: «Էրդողանը պետք է առնվազն ճանաչի, որ դա հանցագործություն էր մարդկության դեմ, հետ վերադարձնի եկեղեցիները և թույլ տա օգտագործել դրանք, և միգուցե որևէ խորհրդանշական քայլ կատարի: Օրինակ, ես առաջարկում եմ Արարատ լեռը, որը ամենամիստիկ սարն է, որի վրա կանգ է առել Նոյի տապանը: Դա հրաշալի հաշտության քայլ կլինի»,- ընդգծել է իրավաբանը:

 

Խոսելով փոխհատուցման հարցի մասին' Ռոբերտսոնը համոզմունք է հայտնել, որ պետք է լինի փոխահտուցում այն մարդկանց համար, ովքեր կարող են դա ապացուցել, ինչպիսի նախադեպեր արդեն սկսել են ի հայտ գալ:

 

Նա նաև կարծիք է հայտնել, որ պետք է փոխվի թուրքական դասագրքերի բովանդակությունը, մասնավորապես պետք է դադարեցվեն այն նախաձեռնությունները, որոնց ժամանակ երեխաներին պարգևատրում են այնպիսի աշխատանքներ գրելու համար, որտեղ վերջիններս բացատրում են, որ կատարվածը Ցեղասպանություն չի եղել: