Թուրքիան վաղ թե ուշ պետք է ընդունի իր նախնիների կատարած ոճրագործությունը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ ունեցած զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
«Անցյալից մենք պետք է դասեր քաղենք, ամբողջ աշխարհը պետք է հետևություն անի: Իհարկե, նման ոճրագործությունները կանխելու համար միայն դասեր քաղելը քիչ է, մենք պետք է շարունակենք մեր ձայնը բարձրացնել: Ամբողջ աշխարհը պետք է նման ոճրագործությունների համար պայքարի, որ այլևս այդպիսի բան չկրկնվի: Թուրքիան վաղ թե ուշ պետք է ընդունի իր նախնիների կատարած ոճրագործությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ երկրների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն' ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները. Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 48 նահանգներ:
Նիդերլանդները Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել 2018թ. փետրվարի 22-ին և պարտավորեցրել կառավարության ներկայացուցչին ամեն 5 տարին մեկ այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: Առաջին պաշտոնյան՝ Նիդեռլանդների ֆինանսների հարցերով պետքարտուղար Մենո Սնելը, այս տարի մասնակցում է միջոցառումներին: