Ռուսաստանը պատրաստ է միջնորդական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման երկխոսությանը: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, անկասկած, կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը: Այս տեսանկյունից մենք ողջունում ենք երկխոսություն սկսելու Անկարայի և Երևանի պատրաստակամությունը»,- ասել է Ռուդենկոն։
Նրա խոսքով՝ Մոսկվան «պատրաստ է միջնորդական օգնություն ցուցաբերելու ցանկացած ձևաչափով»։
Անդրեյ Ռուդենկոն ընդգծել է, որ կողմերին կոչ է անում հրաժարվել նախապայմաններից և կենտրոնանալ երկուստեք ընդունելի թեմաների և փոխադարձ քայլերի վրա, որոնք կհանգեցնեն վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն նշանակել են բանակցությունների իրենց հատուկ ներկայացուցիչներին։ Երևանը կներկայացնի խորհրդարանի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ռուբեն Ռուբինյանը, Անկարան՝ Վաշինգտոնում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Դիվանագետների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում: