Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարտի 19-ին տոնում է գործունեության 95-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ կապակցությամբ ուղերձ է հղել ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, որում ասված է.
«1920 թվականից ի վեր, գրեթե մեկ դար, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) իրականացնում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում' համախմբելով մարդասիրության ուժը' ազգաբնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակի շուրջ:
Ազգային ընկերությունը տարիներ շարունակ ակտիվ և լայնածավալ գործունեություն է իրականացնում, հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում, և ցուցաբերելով իր անաչառ օգնությունը բազմազան ուղղություններով, ինչպիսիք են սոցիալ-առողջապահական, առաջին օգնության, աղետների կառավարման, բնակչության տեղաշարժի, որոնման և ընտանեկան կապերի վերականգնման, Երիտասարդական և այլն: ՀԿԽԸ գործունեությունը և մատուցած ծառայությունները նպաստում են շահառուների և խոցելի համայնքների կարիքների թեթևացմանն ու կայուն զարգ ացմանը:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանդիսանում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ 1995 թվականից և նույն թվականին ճանաչվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Այս տարիների ընթացքում, մեր անձնակազմի ու կամավորների նվիրումի և անշահախնդիր աշխատանքի շնորհիվ ավելացել է մեզ վստահողների ու մեզ հետ համագործակցողների թիվը: Այդ կապակցությամբ շնորհակալություն են հայտնում բոլոր կամավորներին, բարերարներին ու գործընկերներին, որոնց մարդասիրական ոգու շնորհիվ է իրականացվում մեր առաքելությունը: Մենք օգնում ենք Ձեր օգնությամբ:
Այս պահին աշխարհի տարբեր ծայրերում շարունակվում են պատերազմներն ու ճգնաժամերը: 21-րդ դարում մարդիկ դեռ շարունակում են տառապել բռնությունից, սովից ու հիվանդություններից: Մարդասիրությունն է այն միակ ուժը, որի շնորհիվ հնարավոր է, եթե ոչ լիովին կանխարգելել, ապա գոնե մեղմել մարդկային տառապանքները: Բոլորս ենք պարտավոր միավորվել այդ գաղափարի շուրջ' մեր կողքին ապրող և օգնության կարիք ունեցող մարդկանց ձեռք մեկնելու համար»: