Հայկական կարմիր խաչի ընկերության նախաձեռնությամբ առաջիկա օրերին կմեկնարկի դրամահավաքի ծրագիր, որն ուղղված կլինի Քեսաբից տեղահանվածներին օգնելուն: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայկական կարմիր խաչի ընկերության երիտասարդական բաժնի ղեկավար Կատարինա Վարդանյանը նշեց, որ դրամահավաքի աշխատանքներն համակարգելու է ընկերության ռեսուրսների զարգացման թիմը:

 

«Մենք պլանավորում ենք օգնել ոչ միայն քեսաբահայերին, այլև առհասարակ Քեսաբից տեղահանվածներին: Դրամահավաքը կկազմակերպվի տարբեր ճանապարհներով»,- ասաց Վարդանյանը: Նրա խոսքով, ընկերությունն արդեն դիմել է հայաստանյան բջջային օպերատորներին, մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչների դրամահավաքին իրենց մասնակցությունն ունենալու առաջարկով:

 

«Ունենք փողոցում դրամահավաքի համակարգ, մեր կամավորների խմբի անդամները շուտով փողոց են դուրս գալու հատուկ ուղերձով»,- պատմեց երիտասարդական բաժնի ղեկավարը:

 

Հայկական կարմիր խաչի ընկերությունը հավաքված գումարները տրամադրելու է Սիրիայի կարմիր մահիկի կազմակերպությանը, որը, Վարդանյանի հավաստմամբ, տիրապետում է Քեսաբից տեղահանված և Լաթաքիայում, այլուր բնակություն հաստատած մարդկանց մասին ահնրաժեշտ տեղեկատվության:

 

«Կարմիր մահիկը մեր օգնությունը տեղ կհասցնի, և այսպես են մեր կարմիրխաչական մեծ ընտանիքի անդամները իրար հետ համագործակցում»,- ընդգծեց ընկերության ներկայացուցիչը' հիշեցնելով, որ Հայկական կարմիր խաչի ընկերությունը սիրիահայերին ուղղված լուրջ ծրագրեր է իրականացրել և շարունակում է իրականացնել, քանի որ իրենք պետությանը օժանդակող, մարդասիրական կազմակերպություն են, նաև միջազգային շարժման անդամ:

 

«Մեր քույր ազգային ընկերությունները բավականին ներդրում են ունեցել և այժմ էլ շարունակում են աջակցությունը սննդով և այլ պարագաներով»,- հավելեց նա:

 

Հայկական կարմիր խաչի ընկերության նպատակներից մեկն է նաև աջակցել Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին փոքր բիզնես ծավալելու գործում: