ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի գործերի կոմիտեի պատվիրակությունը մտադիր է այցելել Գյումրի և ծաղկեպսակներ դնել Ավետիսյանների սպանված ընտանիքի շիրիմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, մարտի 20-ին լրագրողներին հայտնել է կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Նրա խոսքով՝ կոմիտեի անդամները պլանավորում են մարտի 28-ին համատեղ նիստ անցկացնել Հայաստանի Ազգային ժողովի արտաքին քաղաքական կոմիտեի հետ: Օրակարգում կլինեն եվրասիական ինտեգրացման, միգրացիայի խնդիրները, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հարցերի քննարկումը:
Մարտի 29-ին Պետդումայի կոմիտեի պատվիրակությունը, ինչպես ենթադրվում է, կայցելի Գյումրի: «Ինչ վերաբերում է Գյումրիի ողբերգությանը, ապա այն առանցքային խնդիր չդարձավ և պառակտման չհանգեցրեց պաշտոնական Երևանի հետ, ինչպես կանխագուշակում էին մեր քաղաքական ընդդիմախոսները: Այժմ հետաքննություն է ընթանում: Մենք մտադիր ենք ծաղկեպսակներ դնել Ավետիսյանների ընտանիքի շիրիմին»,- ասել է ռուս պատգամավորը:
Նա հավելել է, որ նախատեսվում է անցկացնել նաև հայ ընտանիքի սպանության հետաքննության ընթացքին հետևող համատեղ հանձնաժողովի նիստը: «Մեր կողմից այն գլխավորել է Օլեգ Լեբեդևը (կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալը «Եդինայա Ռոսիայից»)»,- նշել է Սլուցկին: