Երևանում մարտի 19-20-ը անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի 14-րդ նստաշրջանը, որին մասնակցել են Հայաստանի ֆինանսների նախարարը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարները, իսկ Ղրղզստանի, Տաջիկստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են դիտորդի կարգավիճակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի մասնակիցներին ողջունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ միավորված խորհրդի՝ 2015թ. առաջին նիստի անցկացումը Երևանում վկայում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի մասին:
«Մաքսային ծառայությունների միավորված խորհրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կնպաստեն մեր երկրների առևտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը»,-ասել է ՀՀ վարչապետը:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ նիստը ևս մի քայլ է' ուղղված մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը և խորացմանը' ուշադրության կենտրոնում պահելով փաստը, որ վերջին շրջանում մեր երկրների միջև ինտեգրացիոն գործընթացներն ավելի կարևոր նշանակություն են ստանում.
«Մաքսային Միության անդամ երկրների մաքսային ծառայությունների Միացյալ կոլեգիայի գործունեությունն ուղղված է այն փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կբերեն մեր երկրների առևտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը, մաքսային գործընթացների ներդաշնակեցմանն ու դյուրացմանը, փոխհամաձայնեցված միջոցառումների կիրառմանը' ներքին շուկաները ստվերային ու կեղծված ապրանքներից պաշտպանելու նպատակով: Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում համատեղ կկարողանանք գալ այնպիսի հարցերի լուծման, որոնք կհեշտացնեն մեր երկրների փոխգործակցությունը, ինչպես նաև կնպաստեն մաքսային գործընթացների պարզեցմանը' արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար»,-շեշտել է Գագիկ Խաչատրյանը:
Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի խոսքով' նիստում քննարկվել է հարցերի լայն շրջանակ. «Առաջին անգամ Հայաստանը Միավորված կոլեգիայի նիստին մասնակցում է որպես Միության լիիրավ անդամ. ԵՏՄ անդամակցությունից հետո սա առաջին նիստն է, որ անցկացվում է Երևանում, հետևաբար, հիմնականում քննարկվել են ինտեգրացման և կազմակերպչական բնույթի, նաև Ղրղզստանի անդամակցության հետ կապված հարցեր»:
Խորհուրդը քննարկել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, հստակեցրել գործունեության առանձին ուղղությունները, ամփոփել նախորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը, աշխատանքային խմբերի 2014թ. գործունեության արդյունքները և նախանշել 2015 թվականի գործունեության ծրագիրը:
Մասնավորապես, քննարկվել են ԵՏՄ սահմաններին իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տվյալների պարբերական փոխանակման, Մաքսային միության Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում (ԱՏԳԱԱ) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշու մների տեղեկատուի ժամանակացույցի սահմանման և կիրառման, նավահանգիստներով և ԵՏՄ մյուս տարածքներով փոխադրվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառույթների հետ կապված հարցեր:
Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև ԵՏՄ մաքսային սահմաններով մաքսանենգ ապրանքների տեղափոխման ուղիների բացահայտման և վերացման, մաքսային գործում հանցավորության կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված օպերատիվ տեղեկատվության փոխանակման, ԵՏՄ մաքսային մարմինների միջև վարչական իրավախախտումների և դրանց իրականացնողների վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կարգերին, ինչպես նաև ԵՏՄ մաքսային տարածքում ներմուծված ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման խնդիրներին:
Անդրադարձ է եղել նաև 2014թ. հոկտեմբերի 10-ից հետո Հայաստան ներկրված ավտոմեքենաների կարգավիճակի սահմանման համար պահանջվող փաստաթղթերի ցանկի հստակեցմանը, ինչպես նաև ԵՏՄ այլ երկրներ ներմուծվող մեքենաների մաքսատուրքերի չափերի ու հարկերի, ԵՏՄ մաքսային տարածքից դուրս եկող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային գործընթացների նույնականացմանն առնչվող հարցերի:
Մեկ այլ որոշմամբ' սահմանվել են ԵՏՄ մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման կարգի առանձնահատկությունները: Միավորված կոլեգիայի տեղակալ է ընտրվել ՀՀ ֆ ինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը: 14-րդ նիստին նախորդել են ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների փորձագիտական խմբերի աշխատանքները:
Մաքսային ծառայությունների ղեկավարներին այսօր ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Հայաստան այցի շրջանակում պատվիրակություններն այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ինստիտուտ-թանգա րան: