Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալուն զուգահեռ Թուրքիայում այս հարցի նկատմամբ զգայունությունն ավելի է մեծանում: Հայկական հարցի շուրջ քննարկումներն ավելի ու ավելի մեծ տեղ են սկսում զբաղեցնել Թուրքիայի ներքաղաքական օրակարգում: 

 

Շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացրած' «Էգեյան ժողովրդավարություն և խաղաղության կոնֆերանս» թեմայով համաժողովում «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես» միությունն իր ամփոփիչ փաստաթղթում Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: հեղինակավոր մտավորականների, գրողների և ուսանողների մասնակցությամբ անցկացված համաժողովի կողմից ընդունված փաստաթղթում ասվում է, որ առանց առերեսվելու Հայոց ցեղասպանո ւթյան հետ, քրդական խնդիրը Թուրքիայում խաղաղ ճանապարհով լուծել հնարավոր չէ:

 

Ի դեպ, քրդական հարցի վերաբերյալ բավական խիստ մոտեցումներով հայտարարություն արեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ի՞ նչ քրդական հարց: Ձեր ի՞նչն է պակաս որ: Ճանապարհ չունեիք' կառուցեցինք, օդանավակայան չունեիք' կառուցում ենք: Էլ ի՞նչ եք ուզում», -Բալիքեսիրում հայտարարեց Էրդողանը՝ դրանով հասկացնել տալով, որ իր ղակավարությամբ Թուրքիան մտադիր չէ լուծել քրդական խնդիրը:

 

Արդեն Հայկական հարցի վերաբերյալ Թուրքիայի նախագահը խոսեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր իսկ նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույց ժամանակ: Թուրքական «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ Էրդողանը Պուտինին հայտնել է, որ այս հարցում «Թուրքիան կողմ է պատմությանը արդար հիշողության հեռանկարով մոտեցում ցուցաբերելուն»: Նա հերթական անգամ մեղադրել է Հայաստանին «խաղաղության կոչերն անտեսելու, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին բացասական մո տեցում ցուցաբերելու» հարցում: Հետաքրքիր է, որ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հեռախոսազրույցի մասին տեղեկության մեջ Հայոց ցեղասպանության հարցի քննարկման մասին չի նշվում:

 

Հեռախոսազրույցի նախորդել էր Կարսում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Տրանսանատոլիական գազատարի (TANAP) հիմնարկեքի արարողությունը: Արարողությունը ուղեկցվել էր սկանդալով՝ Ադրբեջանի չհնչեցված հիմնի պատճառով: Միջոցառման սկզբում հնչեցված թուրքական հիմնից հետո, երբ բոլորը ոտքի կանգնած սպասում էին ադրբեջանական հիմնին, այն այդպես էլ չի հնչել: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես զայրացած Էր դողանը մեկը մյուսի հետևից իր մոտ է կանչել արարողակարգի պատասխանատուներին և հայտնել իր զայրույթը: Քիչ անց նրան է մոտեցել Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջըն և հեռախոսով միացրել է Ադրբեջանի հիմնը: Այն լսելուց հետո Էրդողանը լսել է տվել նաև իր գլխավոր խորհրդականին, սակայն վերջնական համոզվելու համար երգը ստուգելու են տվել արդեն Ադրբեջանի նախագահ Ալիևին, ով ևս հաստատել է, որ երգը ճիշտ է, սակայն հավելել է նաև, որ այն միացնելու կարիք չկա: Այդուհանդերձ, Էրդողանն անսասան է եղել արարողակարգային սխալը շտկելու հարցում և իր ելույթից առաջ միացրել է տվել Ադրբեջանի պետական օրհներգը:

 

Այս շաբաթ Էրդողանը մեկ անգամ չէ, որ անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցին: Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ստամբուլում աշխարհի արխիվների ղեկավարների համագումարում և ցուցահանդեսում ունեցած ելույթում Էրդողանը ցինիկաբար հայտարարեց, թե Հայաստանում և սփյուռքում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները Թուրքիային ուղղված թշնամանք են: «Հայերի այդ արշավների նպատակը պատմության այդ ժամանակաշրջանում կրած ցավերը կենդանի պահելուց բ ացի, Թուրքիային և թուրք ազգին թշնամություն անելն է: Նրանց նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ Թուրքիայի վրա հարձակվելն ու վնաս հասցնելը», -ասել է նա:

 

Այս շաբաթ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրի' Թուրքիային արված կոչերը հայ-թուրքական սահմանը բացելու, Ցեղասպանությունը ճանաչելու և Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արած հայտարարության առնչությամբ ռասիստական գրառում թողեց «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Գրառման մեջ Գյոքչեքը խնդրեց է Ջեմ Օզդեմիրին պարզաբանել' արդյոք նրա ծագման մեջ կան հայկական արմատներ: Անկարայի քա ղաքապետի կողմից նման ռասիստական գրառում անելը ապացուցում է, որ Թուրքիայում «հայ» որակումը շարունակում է դիտարկվել որպես վիրավորանք և անարգանք:

 

Այս գրառումն Օզդեմիրն անպատասխան չթողեց: Նա իրավամբ փաստեց, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու ջանքերին նպաստելու փոխարեն, շարունակում են իրենց բառապաշարում «հայ» եզրույթն օգտագործել որպես վիրավորանք: «Թերևս շատ ԱԶԿ-ականների պատկերացումներից այն կողմ է սեփական շահից դուրս արդարության և կարեցկության համար պայքարը»,- նշեց նա:

Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի գործով մի հետաքրքիր հայտարարություն արեց մարդասպան Օգյուն Սամասթի հայրը: Նա հայտնեց, որ «խորքային պետությունն է ստիպել իր որդուն սպանել Հրանտին»: Ավագ Սամասթը հայտարարեց, որ իր որդին անգամ չի ճանաչել Դինքին, տեղյակ չի եղել նրա հոդվածներից: Ահմեթի խոսքով' «խորքային պետությունը» իր 16-ամյա որդուն զենք է տվել և դրդել է հանցագործության»:

 

Այս շաբաթ հայտնի դարձավ ԱՄՆ-ում բնակվող թուրքերի տարօրինակ նախաձեռնության մասին: Ամերիկաբնակ թուրքերի շրջանում տարածվում է մի էլեկտրոնային հաղորդագրություն, որը կրում է «գաղտնի» պիտակը և, ինչպես նշվում է նամակում, նպատակ ունի «հասկանալ Կալիֆորնիայում հակաթուրքական տրամադրությունների չափը»: Նամակում հասցեատիրոջ խնդրում են հինգ րոպե հատկացնել և պատասխանել դրանում եղած հարցերին, ինչպես նաև այն ուղարկել ԱՄՆ-ում բնակվող իր մյուս թուրք ընկերներին: Թե որն է այս հարցման իրական նպատակը, հայտնի չէ, սակայն այն իրականացնողները նամակում հատկապես ընդգծել են այն հայերի ձեռքը չընկնելու անհրաժեշտությունը:

 

Այս ընթացքում հայտնի դարձավ, որ Թուրքիան շարունակում է պահպանել ինտերնետային սոցցանցերն ամենից շատը գրաքննող պետություն լինելու «համբավը». Facebook-ի հրապարակած նոր զեկույցի համաձայն նախորդ տարվա երկրորդ կեսին Թուրքիան գրառում հեռացնելու համար ամենաշատը դիմած երկրների շարքում երկրորդն է:

 

Ի դեպ, Չինաստանը հաստատեց հեռավոր գործողության HQ-9 տեսակի զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու մասին Թուրքիայի հետ պայմանագիր ստորագրելու փաստը:

 

Իսկ Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդական Էյուփ Գյումուշը հայտարարեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում Թուրքիայում H1N1 հարուցիչով (խոզի գրիպ) 170 վարակակիրներից 11-ը մահացել են: Նրա խոսքով' գրիպն արդեն դասվում է մահացու հիվանդությունների թվին:

 

Թուրքիայի նախկին' 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով օրերս հայտարարել էր, որ որոշել է չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, այսուհետև իր գործունեությունը շարունակելու Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից ստեղծված Իսլամական զարգացման բանկում (ԻԶԲ): Նա նշանակվել է ԻԶԲ-ի վարչության խորհրդակցական խորհրդի անդամ:

 

Շաբաթվա վերջում Էրդողանն արեց արդեն իրեն բնորոշ դարձած հերթական զավեշտալի հայտարարությունը: Նա հայտնեց, թե ինչպես է մի անգամ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային խորհուրդներ տվել բարեփոխումներ իրականացնել առողջապահական ոլորտում:

 

 

Ամփոփեց Արաքս Կասյանը