Ժամանակակից Թուրքիայի ներսում տեղի ունեցող գործընթացները շարունակում են անհանգստությունների տեղիք տալ ողջ քաղաքակիրթ մարդկության շրջանում: Չնայած այս փոքրասիական երկիրն իր պատմության որևիցե ժամանակաշրջանում առանձնապես չի փայլել կայունությամբ ու կանխատեսելիությամբ, մշտապես հանդիսացել է ագրեսիայի աղբյուր արտաքին աշխարհի համար, սակայն այն, ինչ կատարվում է էրդողանական Թուրքիայում հիմա, կարելի է համարել աննախադեպ' առնվազն տասնյակ տարիների կտրվածքով. Թուրքիայում ներկայումս տեղի են ունենում լրջագույն ներքին գործընթացներ, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում ոչ միայն թուրքական պետությանը, այլև, որ առավել կարևոր է, հարևան երկրներին, քանի որ հետզհետե այս երկիրը միջազգային հանրության համար դառնում է է՛լ ավելի անկանխատեսելի, իսկ դրա պարագլուխ Էրդողանը' է՛լ ավելի արյունարբու ու արկածախդիր:

 

Մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ համակարծիք են այն հարցում, որ վարչապետ Դավութօղլուի՝ իր պաշտոնից հրաժարական տալը կարող է միմիայն բացասաբար անդրադառնալ Թուրքիայի վրա՝ այդ երկիրը դարձնելով իսկական բռնապետական քաղաքական միավոր՝ կենտրոնացած միակ ու անսխալական բռնապետ Էրդողանի արյունոտ ձեռքերում. չնայած Դավութօղլուն ևս, խոշոր հաշվով, կրողն էր էրդողանական քաղաքականության, սակայն լինելով դիվանագետ մտավորական՝ դեմ էր հանդես գալիս իր ղեկավարի՝ շատ հարցերում դրսևորած գործելակերպին՝ համոզված լինելով, որ ամեն բան պետք է ունենա չափ ու սահման:


Թե ինչպիսի հետևանքներով կարող է այս ամենը լեցուն լինել Հայաստանի համար այն պարագայում, երբ ղարաբաղյան հարցը կրկին թեժացել է, կարծում ենք՝ առանձնակի նկարագրությունների կարիք չի զգում: Բայց մոտավոր պատկերացում կազմելու համար խորհուրդ կտայինք վերընթերցել Էրդողանի՝ բոլորովին վերջերս կատարած հայտարարությունը, որպեսզի պարզ դառնա բոլորիդ, որ իրավիճակն ամենևին էլ անլուրջներից չէ:

 

Հիշեցնենք, որ Էրդողանն սպառնալիքներ էր հնչեցրել՝ հասցեագրված Հայաստանին՝ ակնարկելով այն հանգամանքը, որ Թուրքիայում 100 հազարից ավելի հայ է ապրում, որոնցից ոմանք՝ առանց բնակության իրավունքի, ինչն էլ նշանակում է, որ նրանք, հայ-ադրբեջանական հակամարտության սրման պարագայում, կարող են հայտնվել հարվածի տակ ու արտաքսվել Թուրքիայից: Իհարկե, համարել, թե Էրդողանը նման պարագայում կարող է սահմանափակվել միայն ապօրինի հիմունքներով Թուրքիայում բնակություն հաստատած հայերի արտաքսմամբ, միամտություն կլիներ, քանի որ անգամ հիմարին է պարզ, թե իրականում ինչ էր ցանկանում ասել Էրդողանը՝ խոսելով այս մասին:

 

Իսկ իրավիճակից ելքը կարող է լինել միայն մեկը՝ համաշխարհային հանրության ադեկվատ արձագանքը՝ էրդողանական հռետորաբանությանը: Սակայն ինչպես հայոց պատմությունն է բազմիցս ապացուցել, երբ մեր հույսը մնում է «միջազգային հանրություն» կոչվածը, ապա արդյունքները, որպես կանոն, հիասթափեցնող են լինում, իսկ հետևանքները՝ ողբերգական:Հետևաբար՝ որքան էլ կարող է պաթետիկ հնչել, բայց մեր միակ հույսը մենք ինքներս ենք. հուսալ, թե ինչ-որ բարի քեռի կգա ու մեզ կձերբազատի այն բոլոր խնդիրներից, որոնց մենք բախվել ենք, կնշանակեր՝ ոչինչ չհասկանալ մեծ քաղաքականությունից. այս աշխարհում ամեն երկիր միայնակ է' իր խնդիրների ու սպառնացող մարտահրավերների հետ:

 

Դավիթ Բաբանով