Հայաստանի քրդական համայնքը շնորհակալ է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ համայնքը բարձր գնահատելու և ազգային տոնի առթիվ շնորհավորելու համար: Այս մասին մարտի 24-ին Քրդերի ազգային տոնին' Նավրոզին նվիրված միջոցառման ընթացքում նշեց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: «Նավրոզ քրդերեն նշանակում է «նոր օր»:

 

 

Նավրոզը քուրդ ժողովրդի հնագույն տոներից է, որը տոնում են դեռևս հեթանոսական շրջանից: Այդ օրը քրդերը խարույկ են վառում և խարույկի շուրջ ուտում, խմում, ուրախանում, պարում, երգում են: Հետագայում, երբ սկսվեց քուրդ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը՝ քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլահ Օջալանի գլխավորությամբ, այս տոնը վերաիմաստավորվեց, վերաձևավորվեց և դարձավ քուրդ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշ»,- «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ նշեց Կնյազ Հասանովը:

 

 

Նրա խոսքով՝ աշխարհում այսօր շուրջ 50 միլիոն քուրդ է ապրում: «Քրդերը մեծ ոգևորությամբ տոնում են մարտի 21-ը: Մեր ազգային տոնը՝ Նավրոզը նաև շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նախագահին մեր համայնքը բարձր գնահատելու և ուղերձ ուղակելու համար: Հայաստանում մոտավորապես երեք հազար քուրդ է ապրում: Քրդերը ապրում են գյուղերում, զբաղվում անասնագործությամբ, հողագործությամբ: Քաղաքում էլ առևտրի բնագավառում են զբաղված: Հայաստանում երկու թերթ ունենք՝ եզակի թերթեր են: Մենք ունենք նաև Հայաստանի գրողների միությանը կից քուրդ գրողների բաժանմունք»,-նշեց Կնյազ Հասանովը:

 

 

Քրդական համայնքի ղեկավարը խոսեց նաև Հայոց ցեղասպանության մասին՝ անդրադառնալով 1915 թվականի դեպքերի մասին:

ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը շնորհավորեց քրդական համայնքի բոլոր ներկայացուցիչներին: «Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ, որպեսզի ձեր ազգային ինքնության, մշակույթի և այլ ոլորտներում այս տարի ավելի մեծ հաջողություններ ունենաք: Մենք էլ պատրաստ ենք աջակցել ձեզ»,-նշեց նա:

 

 

Հայաստանում բնակվող քրդերն իրենց ազգային տոնը նշեցին խորհրդանշական խարույկով և ավանդական ուտեստներով՝ շնորհավորելով միմյանց տոնի առթիվ:

 

 

Մարտի 21-ին նշվում է քրդական համայնքի ազգային տոնը: Նախագահ Սերժ Սարգսյանը Նավրոզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին: Հանրապետության Նախագահը համայնքի ներկայացուցիչներին մաղթել է ընտանեկան երջանկություն և ամենայն բարիք՝ ցանկանալով, որ Նավրոզը՝ գարնանային վերազարթոնքը, Հայաստանի քրդերի համար լինի ուրախության և ձեռքբերումների տարվա խորհրդանիշ, բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, և բոլոր բարի ձեռնարկներում քրդական համայնքին ուղեկցեն հաջողությունները: