Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին։ Համացանցում քննարկվում է, թե Փաշինյանը վերջինիս ընդունելիս դիմել է «Հարգելի պարոն նախագահ, հարգելի մարզպետ․․․»։ Սակայն նկատենք, որ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված տեքստում նշվում է «Հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան» դիմելաձևը։

Մեկնաբանություն ստանալու համար ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ: Նա հերքեց տարածված խոսակցությունները, թե վարչապետը որպես մարզպետ է դիմել նախագահ Բակո Սահակյանին:

«Ո՞նց կարող է Հայաստանի վարչապետը Արցախի նախագահին դիմել որպես մարզպետ, եթե այդպիսի բան լիներ, առաջինը մենք կարձագանքեինք: Նման բան չի եղել։ Քննադատությունն էլ պետք է լինի տեղին և կառուցողական։ Ես այնտեղ ներկա եմ եղել, և Փաշինյանն ասել է` «հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան»: Դա անհնարին է, մարզպետ բառը չի կարող օգտագործվել նրա կողմից: Կարող եք մտնել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը և լսել, թե ինչ է ասում տեսանյութում։ Ես այնտեղ կանգնած էի բազմաթիվ այլ լրագրողների հետ և անձամբ լսել եմ»,- ասաց Բաբայանը:

 

Նա նշեց, որ արտահայտության վերաբերյալ ստացած ահազանգերից հետո բազմաթիվ անգամ լսել ենք ձայնագրությունը. «Պարզապես մի պահ աղմուկ էր, միգուցե լավ չի լսվում, բայց Փաշինյանը չի ասել մարզպետ, եթե այդպիսի բան լինի, դա կլինել շատ սարսափելի երևույթ»,- ասաց նա:

Սոնա Հարությունյան

-