Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանի կուսակցությունների վարկանիշում առաջատարի դիրքը պահպանում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, սակայն մեկ տարվա ընթացքում նրա վարկանիշը նվազել է գրեթե 20 տոկոսով՝ 54-ից մինչեւ 36 տոկոս, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերությանը:
Երկրորդ տեղում նախկին կառավարող կուսակցությունն է՝ «Միասնական ազգային շարժումը», որի վարկանիշը, հարցման տվյալների համաձայն, չի փոփոխվել եւ կազմում է 15 տոկոս:
10 տոկոս ցուցանիշով երրորդ տեղը գրավել է հանրապետության պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Մեր Վրաստանը. ազատ դեմոկրատներ» կազմակերպությունը, որը 2014 թվականի հոկտեմբերի վերջին դուրս է եկել իշխող կոալիցիայից:
6 տոկոսով չորրորդ տեղն զբաղեցրել է Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը, իսկ հինգերորդ տեղը բաժանել են խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի «Միավորված ժողովրդավարական շարժում» կուսակցությունը եւ Իռմա Ինաշվիլիի «Հայրենասերների դաշինքը»՝ ստանալով 5,5 տոկոս:
Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, հեռուստաընկերությունը հաղորդել է հարցման նախնական տվյալները, ամբողջական արդյունքները կներկայացվեն մինչեւ շաբաթվա վերջը: Ուսումնասիրությունն արտացոլում է քաղաքական կուսակցությունների, քաղաքական առաջնորդների վարկանիշը եւ հասարակության տրամադրությունները: Հարցումը ֆինանսավորել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը: