ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ժողովրդականությունը գրեթե կրկնակի ընկել է աշխարհի մի շարք առաջատար երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Pew Research Center հետազոտական կենտրոնը, որը հարցում է անցկացրել 43 պետություններում:

 

Ինչպես վկայում են հարցման արդյունքները, Ռուսաստանի բնակչության շրջանում ԱՄՆ-ի նախագահի առանց այն էլ ոչ բարձր վարկանիշն ընկել է 14 տոկոսով եւ այժմ կազմում է 29 տոկոս: Ենթադրվում է, որ նման բացասական դինամիկան կապված է Ուկրաինայի իրադրության կապակցությամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականության հետ:

 

Օբամայի վարկանիշի համանման անկում է նկատվել նաեւ Գերմանիայի, Ճապոնիայի, Բրազիլիայի եւ Արգենտինայի բնակչության մեջ: Գերմանիայի քաղաքացիների շրջանում ԱՄՆ-ի նախագահի ցածր ժողովրդականությունը կապում են ԳՖՀ-ի տարածքում էլեկտրոնային լրտեսման հետ, որում ավելի վաղ մեղադրվել էին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները:

 

Ինչպես հայտնի է դարձել հետազոտությունից, 43 երկրներից 27-ի, հատկապես Արեւմտյան Եվրոպայի երկրների, բնակչության կեսից ավելին դրական են գնահատում Օբամայի գործունեությունը: Հօգուտ ԱՄՆ-ի նախագահի միջազգային քաղաքականության քվեարկում են Ֆրանսիայում յուրաքանչյուր տասը հարցվածներից ութը եւ իտալացիների ու բրիտանացիների երեք քառորդը:

 

Օբամայի նկատմամբ առավել քննադատաբար են տրամադրված Մերձավոր Արեւելքի բնակիչները, նրա օգտին քվեարկել է պակիստանցիների 7 տոկոսը, պաղեստինցիների 13 տոկոսը եւ Եգիպտոսի բնակիչների 19 տոկոսը: Հարցման մասնակիցներին նաեւ առաջարկվել էր Բարաք Օբամայի գործունեությունը համեմատել նախագահի պաշտոնում նրա նախորդի' Ջորջ Բուշ կրտսերի հետ: Պարզվել է, որ իր կառավարման վերջին մեկ տարվա ընթացքում Բուշը 20 երկրներում ապահվել է բնակչության ընդամենը 19 տոկոսի աջակցությունը: Ներկայում Օբամայի նույն այդ ցուցանիշը հավասար է 57 տոկոսի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: