Եմենի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին' շիա ապստամբների դեմ ռազմական գործողություններին աջակցելու խնդրանքով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ՄԱԿ-ին ուղղված նամակում Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին ՄԱԿ-ին խնդրել է ընդունել բանաձև, որը Եմենին օգնել ցանկացող երկրներին թույլ կտա աջակցություն ցուցաբերել օրինական իշխանություններին՝ պաշտպանելու Եմենը և ճնշելու շիա ապստամբների ագրեսիան:
Նախօրեին Եմենի Թայիզ քաղաքում շիա ապստամբների և նախագահի կողմնակից ցուցարարների բախումների ժամանակ ութ մարդ զոհվել էին, ավելի քան 120-ը' վիրավորվել: Շիա ապստամբների խմբերը մի քանի օր առաջ տարածվել են քաղաքում, կրակ են բացել իրենց դեմ կազմակերպված ցույցի մասնակիցների ուղղությամբ:
Թայիզը գտնվում է Եմենի մայրաքաղաքից հարավ՝ Ադեն քաղաքի ճանապարհին: Այն Եմենի մեծությամբ երրորդ քաղաքն է:
Եմենում 2014թ. օգոստոսից շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Հունվարի վերջին շիաները երկրի նախագահին և վարչապետին ստիպել էին հրաժարական տալ: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել պետական հաստատությունները: Նախագահը հայտնվել էր տնային կալանքի տակ, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Ադեն քաղաք: Այժմ Աբդ Ռաբբո ալ Հադին միջազգային մակարդակում ընդունվում է որպես երկրի գործող նախագահ: