Թուրք լրագրող, սյունակագաիր Օրհան Քեմալ Ջենգիզն իր հերթական հոդվածում անդրադարձել է Անկարայի քաղաքապետի կողմից իրեն հայ անվանած պոլսահայ մտավորական Հայկո Բաղդաթի դեմ գործ հարուցելու փաստին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Բուգյուն» պարբերականում տեղ գտած հոդվածում Ջենգիզը համեմատականներ է տարել' փորձելով հասկանալ, թե ինչ կկատարվեր, եթե նույն դեպքը գրանցվեր, օրինակ, Գերմանիայում:

 

«Եթե Բեռլինի քաղաքապետը դատական գործ հարուցեր իրեն «թուրք» անվանած «Թվիթեր»-ի մի օգտատերի դեմ իրեն վիրավորելու հիմնավորմամբ, իսկ դատական հայցի դիմումի մեջ նշեր, որ «թուրք» եզրույթը Գերմանիայում կիրառվում է որպես զզվանք առաջացնող իմաստ ունեցող բառ, ի՞նչ կզգային Թուրքիայում բնակվող թուրքերը, ի՞նչ կզգային Գերմանիայում բնակվող թուրքերը … Ահա հենց այդպես էլ իրենց զգում են մեր երկրում բնակվող հայերը»,- գրում է Ջենգիզը: Նա նշում է, որ եթե Բեռլինի քաղաքապետը «թուրք» բառը կիրառեր ճիշտ այնպես, ինչպես Անկարայի քա ղաքապետը կիրառել է «հայ» բառը, ապա Գերմանիայում կհայտարարվեր որպես «տարվա ռասիստ» և ստիպված կլիներ թողնել պաշտոնը: Իսկ պաշտոնաթող լինելուց հետո մարդամեջ դուրս չէր գա և հանգիստ շունչ քաշել կկարողանար միայն գերմանացի ազգայնականների շրջանում:

 

«Գիտենք, որ Թուրքիայում այսպես լինել չի կարող: Ռասիզմը, խտրականությունն այս երկրում երբեք ամոթալի բան չեն համարվել, այս ամենով զբաղվող մարդկանց դեմքերը երբեք չեն կարմրել… Ապրիլի 24-ին ընդառաջ կա՞ արդյոք ավելի լավ բացատրող բան, քան Գյոքչեքի խոսքերն են, թե ինչու այս պետությունը պետք է առերեսվի 1915 թվականին և դրանից հետո տեղի ունեցած դեպքերի հետ: Ինչպե՞ս պատահեց, որ միլիոններով հաշվվող բնակչություն ունեցող մի ժողովուրդ այս հողերից մաքրվեց և վերացավ: Ի՞նչ կատարվեց այդ մարդկանց ունեցվածքի, սեփականության հետ: Դրանց վրա ովքե՞ր և ինչպե՞ս հարստացան: Ինչպե՞ս պատահեց, որ այս երկրում այդ ժողովրդի անվանումը դարձավ վիրավորանք»,- հռետորական հարցերով է ավարտել հոդվածը թուրք սյունակագիրը: