Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով անհայտ կորածների հարազատներից կենսաբանական նմուշներ հավաքագրելու ծրագիրը: Այս թեմայով «Արմենպրես»-ը զրուցել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ:
Ծրագրի պիլոտային փուլը հաջողությամբ անցկացվել է նախորդ տարեվերջին, մոտակա շաբաթների ընթացքում կտրվի դրա հիմնական փուլի մեկնարկը: «Անցյալ տարի մենք իրականացրել ենք ծրագրի պիլոտային փուլը, որի ընթացքում անհայտ կորածների ընտանիքների անդամներից հավաքագրել ենք ԴՆԹ նմուշներ: Խոսքը գնում է անհայտ կորածի մի քանի հարազատների բերանի խոռոչից նմուշառում վերցնելու մասին, որը վերամշակելու արդյունքում ստացվում է կենսաբանական նմուշ, որը կցվելու է անհայտ կորածի անկետային: Այս ծրագրի իմաստը նրանում է, որ եթե մեկ օր հնարավոր դառնա կատարել արտաշ իրիմում, նմուշները, համապատասխանեցնելով աճյուններին, տրվեն պատասխաններ ընտանիքներին, քանի որ նրանք ունեն իրավունք' տեղեկանալու իրենց հարազատի վերաբերյալ»,-ասաց Սարա Էպրեխտը:
ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով' նմուշների հավաքագրման գործընթացը բավականին բարդ է, քանի որ ոչ միշտ է պատահում, որ անհայտ կորածների հարազատները մեկ տեղում լինեն և նմուշները համակարգված ձևով հավաքվեն: «Ծրագիրն իրականացվում է թե Հայաստանում, թե Ադրբեջանում 4.5 հազար անհայտ կորածների ճակատագիրը պարզելու նպատակով: Այդ գործընթացի իրականացումը մի քանի տարի կտևի: Վերջում ստացված տվյալները' կենսաբանական նմուշների պահոցը, մենք կհանձնենք Հայաստանի և Ադրբեջանի Անհայտ կորածների, ռազմագերիների ու պատանդների հարցերով հանձնաժողովներին, հետո կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-նշեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Նրա տեղեկացմամբ' 4.5 հազար անհայտ կորածներից 400-ը Հայաստանի Հանրապետությունից են, 400-ը Արցախից, իսկ մնացած 3 հազար 700-ը Ադրբեջանի տվյալներն են:
Չնայած նրան, որ ադրբեջանական կողմից անհայտ կորածների թիվը 4.5 անգամ գերազանցում է ՀՀ-ից և Արցախից միասին վերցրած կորածների թվին' Սարա Էպրեխտը նշեց, որ դրանք ԿԽՄԿ Բաքվի գրասենյակում գրանցված դեպքերն են: «Մենք երբեք չենք առաջնորդվում որոշակի պաշտոնական կամ պետական վիճակագրական տվյալներով կամ էլ այստեղ-այնտեղ շրջանառվող ասեկոսեներով: Մեզ համար հիմք է հանդիսանում ընտանիքը, նրանց ահազանգը հակամարտության պատճառով հարազատներից որևէ մեկին կորցնելու մասին: Մեզ մոտ հարցաշարեր են լրացվում, որտեղ մանրամասնությամբ նկարագրվում են տվյալ անձի մասին կարևոր տեղեկություններ: Սկսած նրանից, թե այդ մարդուն վերջին անգամ երբ են տեսել, ում հետ էր, ինչ տեսք ուներ, նրա առողջական վիճակի մասին տեղեկատվություն, նույնիսկ մանկության տարիներին տարած հիվանդությունների մասին ինֆորմացիա: Բոլոր տեսակի տվյալներ, որոնք հետագայում կարող են օգնել նրան ճանաչել: Այդ հարցաշարերը մենք սկսել ենք լրացնել հենց հետպատերազմական ընթացքում, իհարկե, հետո ժամանակ առ ժամանակ թարմացվել են տվյալները»,-տեղեկացրեց Սարա Էպրեխտը:
Զրուցակիցը շեշտեց այն հանգամանքը, որ չկա որևէ հաստատում, որ անհայտ կորած մարդիկ բոլորը մահացել են կամ նրանից որևէ մեկը ողջ է, բայց այն, ինչ հնարավոր է կատարել այժմ, ինքնությունը պարզող բազայի ստեղծումն է: «Այս ամբողջ անորոշության մեջ մենք գիտակցում ենք, որ այն, ինչ անհրաժեշտ է անել, պետք է կատարենք հիմա, ինչը հետագայում կարող է օգնել որոշակի պարզաբանումներ տալ այն դեպքերում, երբ կառավարությունները գտնեն որոշակի աճյուններ ու ինքնության որոշման հարց առաջանա: Խոսքը չի գնում նրա մասին, որ նշյալ գործընթացը տեղի կունենա հենց վաղը, այլ «ե րբ» և «եթե» դա տեղի ունենա իրավիճակների մասին է խոքսը»,-ընդգծեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը:
Ի դեպ, Երևանի հանրային վայրերից մեկում նախատեսվում է անհայտ կորածներին նվիրված հուշարձանի տեղադրում: «Երկար ժամանակ տևեցին բանակցությունները, այժմ որոշակի դրական շարժեր կան: Երևանի քաղաքապետարանի և ՀՀ քաղաքաշինության նախարարության համաձայնությամբ' կկանգնեցվի հւշարձան, որը ընտանիքներին ու հանրության այլ անդամներին հնարավորություն կտա հավաքվել այնտեղ, առավել իրազեկված լինել այս հարցի մասին»,-տեղեկացրեց Սարա Էպրեխտը: