Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին հինգշաբթի երեկոյան ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադ: Չորեքշաբթի նա լքել էր Ադենում գտնվող պալատը, որտեղ թաքնվում էր շիա հուսիթ-ապստամբներից: Նրա գտնվելու վայրն այնուհետև անհայտ էր: Այս մասին հայտնել է BBC-ն:
Ինչպես սպասվում է, Հադին կմասնակցի ԱՊԼ գագաթնաժողովին, որը շաբաթ օրը կանցկացվի եգիպտական Շարմ Էլ-Շեյխում:
Ավելի վաղ նախագահը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ռազմական ներխուժման իրականացմանը հավանություն տալու խնդրանքով՝ ուղղված հուսիթների ագրեսիայի զսպմանը:
Լույս հինգշաբթի գիշերը Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրների իր մի քանի դաշնակիցներ ավիահարվածներ են հասցրել Եմենում հուսիթների օբյեկտներին:
Արաբական ավիացիոն կոալիցիայի հիմքը կազմում են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը, Կատարն ու ԱՄԷ-ն: Նրանց աջակցելու որոշման մասին են հայտարարել Սուդանը, Մարոկկոն, Եգիպտոսն ու Պակիստանը: