Նորվեգիայի Norwegian Air Shuttle ASA ավիաընկերության ղեկավարությունն շտապ կարգով փոխում Է իր անձնակազմերի համար աշխատանքային հրահանգներն այն բանից հետո, երբ հասարակայնությանը հայտնի դարձան Ֆրանսիայում Germanwings ընկերության A320 հանրանավի կործանման մանրամասները, որը Բարսելոնից մեկնել Էր Դյուսելդորֆ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոր կանոնների համաձայն՝ մարդատար ինքնաթիռի օդաչուն այլեւս իրավունք չի ունենա մենակ մնալու խցիկում, մինչդեռ նախկինում հրահանգը դա չԷր արգելում: Այս մասին հաղորդել Է Նորվեգիայի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Իր հերթին Կանադայի տրանսպորտի նախարար Լիզա Ռեյթը հայտարարել Է, որ թռիչքի ընթացքում երկրի բոլոր ավիափոխադրողների ինքնաթիռների խցիկում պետք Է գտնվեն օդանավի անձնակազմի երկու անդամներ: Նրա խոսքով՝ գերատեսչության նոր կարգադրությունները պետք Է ուժի մեջ մտնեն «առանց հապաղման»:
A320-ի սեւ արկղի ձայնագրությունը նշում Է, որ Ֆրանսիայի հարավում ավիահանրանավի 150 ուղեւորների մահը դարձել Է երկրորդ օդաչուի կանխամտածված գործողությունների հետեւանքը:
Մարսելի դատախազ Բրիս Ռոբենի հայտարարությունների համաձայն՝ A320-ի նավապետը դուրս Է եկել խցիկից եւ չի կարողացել հետ վերադառնալ, մինչդեռ երկրորդ օդաչուն այդ ժամանակ գիտակցաբար նախաձեռնել Է ինքնաթիռի իջեցում, ինչը հանգեցրել Է դրա կործանման:
Մեծ Բրիտանիայի EasyJet խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը մարտի 26-ին սահմանել Է կանոն, որի համաձայն իր ավիահանրանավերի խցիկում թռիչքների ժամանակ մշտապես պետք Է ներկա լինեն ինքնաթիռի անձնակազմի երկու անդամներ: Այն ուժի մեջ Է մտնում մարտի 27-ին: Սպասվում Է, որ նման կանոններ կսահմանեն նաեւ Մեծ Բրիտանիայի մյուս ավիաընկերությունները:
Ֆրանսիայում տեղի ունեցած ավիաաղետից հետո Գերմանիայի խոշորագույն ավիաընկերությունները պատրաստակամություն են հայտնել սահմանելու կանոն, որի համաձայն օդաչուի խցիկում միշտ պետք Է գտնվի առնվազն երկու մարդ: Այս մասին մարտի 26-ին ԴՊԱ գործակալությանը հայտարարել Է Օդային տրանսպորտի համերկրային միավորման (BDL) ղեկավար Մատիաս ֆոն Ռանդովը:
Նրա խոսքով՝ իրենց օդաչուներին խցիկում մենակ մնալը պատրաստ են արգելելու Lufthansa կոնցեռնը, Air Berlin, Condor ավիափոխադրողները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: