Հյուրանոցային ծառայությունների թանկացումը պայմանավորված է դրամի արժեզրկմամբ:
Լրագրողների հետ մարտի 27-ին կայացած հանդիպմանը հայտնեց Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանը: «Բոլոր հյուրանոցները իրենց ծառայությունների գները բարձրացրել են մոտ 20 տոկոսով: Նրանք հիմնավորում են դա ոչ թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան ժամանող մեծաթիվ հյուրերի հանգամանքով, այլ վերջին ամիսներին տեղի ունեցած դրամի արժեզրկմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ'նշեց նա:
Կպրյանը հավելեց նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևան են ժամանելու հիմնականում պաշտոնական պատվիրակություններ, իսկ զբոսաշրջիկների մեծ մասը չի ցանկանում այդ օրերին գալ Հայաստան: «Բացի այդ' ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանին, որ նա մոտ մեկ ամիս առաջ հրավիրեց բոլոր տուրիստական գործակալությունների ղեկավարներին և ծանոթացրեց այս տարվա ընթացքում կայանալիք միջոցառումների ժամանակացույցին, ինչը ողջունելի քայլ էր»,-հայտնեց նա:
Նա նկատեց, որ Հայաստանում ներգնա տուրիզմի աճ է մշտապես արձանագրվել Սուրբ Զատկի տոնի նախաշեմին, բայց այս տարի Երևանում հյուրանոցների մեծ մասը զբաղված են լինելու այդ ժամանակահատվածում: «Տուրիստական գործակալությունները բազմաթիվ դիմումներ են հղում Սուրբ Զատկին անհատների և զբոսաշրջիկների խմբերին հյուրընկալելու համար: Սակայն այս տարի Երևանի հյուրանոցների զբաղվածության պատճառով մենք մեր հյուրերին առաջարկեցինք մարզային հյուրանոցների տարբերակը, որը նրանք մերժեցին. զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են հանգրվանել Երևանում»,- շեշտեց Կպրյանը:
Տուրիստական գործակալության տնօրեն Սոնա Եղիազարյանն ընդգծեց, որ մարզային հյուրանոցներում հյուրանոցային ծառայությունները թանկացել են մոտ 8 տոկոսով: «Երևանում ազատ հյուրանոցային համարների բացակայության պատճառով մենք, համագործակցելով անշարժ գույքի գործակալությունների հետ, ապրիլին արտերկրից ժամանող մեր հայրենակիցների համար ամրագրել ենք նաև սեփական տներ և բնակարաններ»,-պարզաբանեց նա: