Ըստ որոշ պաշտոնատար անձանց հայտարարությունների, ինչպես նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերլուծական հրապարակումերի' անշարժ գույքի գները ՀՀ-ում աճում են: Ընդունված է ասել, որ անշարժ գույքի շուկան հարմար ինդիկատոր է երկրի տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կարծիք կազմելու համար: Սակայն պետք է հաշվի առնել, որ անշարժ գույքի շուկան բավականին զգայուն է նաև այն գործոնների նկատմամբ, որոնք իրականում պայմանավորված չեն իրական տնտեսական զարգացումներով: Ի վերջո, ո՞րն է անշարժ գույքի շուկայում գրանցվող գնաճի իրական պատճառը կամ պատճառները:
Պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանում ու հանրապետության բազմաթիվ քաղաքներում վերջին 3 ամսվա ընթացքում անշարժ գույքի գներն աճել են շուրջ 20 տոկոսով: Ուշագրավն այն է, որ վարչապետի հրապարակած թիվը չէր համապատասխանում Կադաստրի պետական կոմիտեի կողմից այդ ընթացքում իրականացված վերլուծությանը, և ստացվում է, որ վարչապետի հայտարարությունը կարող էր մեծ ազդեցություն ունենալ անշարժ գույքի նկատմամբ սպեկուլյատիվ պահանջարկի ավելացման, ասել է թե՝ գնաճի վրա: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ի միջին գինը մայիսին կազմել է 595 հազար դրամ, ապրիլի' 590 հազար դրամի դիմաց: Արաբկիրում ապրիլին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 404 հազար դրամով, մայիսին արդեն՝ 408 հազար դրամով Աջափնյակում մեկ քմ-ն 275 հազար դրամից թանկացել է' դառնալով 278 հազար 200 դրամ, Ավանում' 268 հազար 100 դրամից դարձել է 270 հազար 100 դրամ: Քանաքեռ-Զեյթունում 296 հազար 100 դրամից բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է' դառնալով 300 հազար դրամ, Դավթաշենում' 312 հազար դրամից դարձել է 314 հազար 500 դրամ: Միևնույն ժամանակ 2019 թվականի մայիս ամսվա ընթացքում անշարժ գույքի շուկայում կնքվել է սեփականության իրավունքի պետական գրանցման 15956 գործարք՝ տարեկան 17,8% աճով: ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ մայիս ամսվա ընթացքում ապրիլի համեմատ, այնուամենայնիվ, տեղի է ունեցել աննշան անկում՝ 1,9 տոկոսով : Այս տարվա մայիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում 5,1 տոկոսով ավելի շատ բնակարան է վաճառվել։ Երևանում ևս վաճառված բնակարանների քանակն ավելացել է. աճը կազմել է 2,5 տոկոս։ 2019 թվականի մայիսին իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առ ու վաճառքի 1331 գործարք: 2019 թվականի մայիսին հանրապետությունում գրանցված բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը 2019 թվականի ապրիլի համեմատ նվազել է 9.6 տոկոսով, 2018 թվականի մայիսի համեմատ աճել՝ 5.1 տոկոսով:
Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակի առավել բարձր տոկոսաչափ՝ 21.9 տոկոս, արձանագրվել է Կենտրոն, իսկ ամենացածրը՝ 0.2 տոկոս, Նորք-Մարաշ վարչական շրջաններում: 2019 թվականի մայիսին մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը 2019 թվականի ապրիլի համեմատ նվազել է 10.1 տոկոսով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ աճել՝ 10.4 տոկոսով: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2019 թվականի մայիսին մարզերի քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետր հաշվարկով շուկայական միջին գինը 2019 թվականի ապրիլի համեմատ աճել է 0.5 տոկոսով:
Իրականում ակնհայտ է, որ անշարժ գույքի շուկայում ամեն ինչ չէ, որ հարթ է և, ըստ երևույթին, ամենաարդյունավետ կարգավորման մեխանիզմները հնարավոր կլինի ներդնել միայն ու միայն քաղաքական որոշման արդյունքում՝ արգելելով կառուցապատողներին գերշահույթներ ապահովել: Գաղտնիք չէ, որ կառուցապատողները ձգտում են ամեն գնով մի կոպեկ ավել պոկել քաղաքացիներից և դրա համար գնում են այնպիսի քայլերի, որոնք, իհարկե, բիզնես տեսանկյունից շահավետ են իրենց համար, սակայն միանշանակ վնասում են ՀՀ անշարժ գույքի շուկային: Մասնավորապես, բազմաթիվ ահազանգեր են հնչում, որ կառուցապատողները, ճշտելով, որ գույքի առքը իրականացվելու է եկամտահարկի մասին օրենքի դրույթների շրջանակներում, հիպոթեքային համակարգով մեկ քառակուսի մետրի գինը ավելացնում են 100 դոլարով՝ պատճառաբանելով, որ բանկը սառեցնում է իրենց ակտիվները մինչև կառուցապատման ավարտը, հետևաբար մինչ այդ նրանք չեն կարողանում տնօրինել վերոնշյալ գումարները: Այստեղ պատկան մարմինները ակնհայտորեն անելիք ունեն: Անելիք ունեն նաև նախկին իշխանությունների լավ ավանդույթները շարունակելու հարցում, մասնավորապես, երիտասարդներին մատչելի բնակարաններ ապահովումը, երիտասարդական ավանների կառուցումը պետք է լինեն իշխանությունների առաջնահերթությունների ցանկում: