ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի կողմից 20 000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրավական ծառայությունից, գործը մեղա դրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը 2014թ. հուլիսի 23-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել բանկի կողմից «Զոսեկար» ՍՊԸ-ին հարկադրված սնանկ ճանաչելու մասին դիմումը և 2014թ. հոկտեմբերի 2-ին վճիռ կայացրել ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ:

 

 

2014թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ «Զոսեկար» ՍՊԸ-ի պարտքը բանկի հանդեպ կազմել է շուրջ 517 մլն 940 հազար ԱՄՆ դոլար, իսկ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովված է եղել անշարժ գույքի գրավադրմամբ: Դատավորը սնանկության հետագա գործընթացում ինչպես իր լիազորությունների շրջանակում հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն Ս. Կարապետյանի օգտին գործողություններ կատարելու, այնպես էլ պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով' ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով բանկում գրավադրված անշարժ գույքն աճուրդի եղանակով վաճառքի գործընթացը մինչև 2015թ. մարտ երկարաձգելու, այդ կերպ' Ս. Կարապետյանին գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց 2014թ. նոյեմբերին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով' 10 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

 

 

Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու պահանջին ՍՊ ընկերության տնօրենը համաձայնել է: Վերջինիս հետ կայացած մյուս հանդիպումների ժամանակ դատավոր Խ. Խաչատրյանը ավելացրել է սահմանված կաշառքի չափը և 2014թ. դեկտեմբերի 20-ին պահանջել ու 2014թ. դեկտեմբերի 25-ին' ժամը 18.30-ի սահմաններում, հիշյալ դատարանի իր աշխատասենյակում Ս. Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով' 9 մլն 186 հազար ՀՀ դրամին համարժեք 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

 

 

Դատավոր Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, և վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: