Այսօր Orange-ը հայտարարեց «Նկարիր քո երազանքը» հատուկ նախագծի մեկնարկը: Նախագծի շրջանակներում գերմանահայ նկարիչ Միսակ Այունցը կայցելի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի 20 գյուղեր և նկարչության դասեր կտա 3-10 տարեկան երեխաներին: Այցելությունների ընթացքում յուրաքանչյուր գյուղում կկազմակերպվի լավագույն նկարների ցուցահանդես, իսկ ընտրված լավագույն նկարները կցուցադրվեն հունիսի 1-ին Երևանում կայանալիք ցուցահանդեսում:

 

 

«Շատ ուրախ ենք այսօր հայտարարել այս գեղեցիկ նախաձեռնության մեկնարկը, որը նպատակ ունի գյուղական համայնքների երեխաներին նկարչության հիմունքներ ստանալու հնարավորություն ընձեռել և բացահայտել վաղվա հնարավոր սարյաններին ու պիկասոներին: Կարծում ենք, որ պրոֆեսիոնալ նկարչի ուղղորդումն ու անհատական մոտեցումը թույլ կտան ոչ միայն բացահայտել երեխաների ստեղծագործական ներուժը, այլ նաև խրախուսել նրանց շարունակել զարգացնել իրենց տաղանդը», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

 

 

Այցելություններն արդեն մեկնարկել են և այսօր Միսակն Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում է, որտեղի մանկապարտեզի և դպրոցի սաների համար արդեն մեկնարկել են նկարչության դասերը:

Այցերի մանրամասներին և ժամանակացույցին կարելի է ծանոթանալ՝ այցելելով հետևյալ կայք: