Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու թոռը՝ արքայազն Հարին, հաջորդ շաբաթ ծառայություն կսկսի Ավստրալիայի պաշտպանության ուժերում, ինչից հետո թագավորական ընտանիքի անդամը մտադիր է թողնել բանակային ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ապրիլի 6-ին, ինչպես սպասվում է, արքայազնը Ավստրալիայի մայրաքաղաքում ծաղկեպսակ կդնի Անհայտ հերոսի շիրիմին եւ կայցելի Ավստրալիայի զինվորական հուշահամալիր: Դա, ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, հանրության առջեւ նրա միակ պաշտոնական հայտնվելը կլինի Ավստրալիա այցի ընթացքում, որը կտեւի չորս շաբաթ:
«Նա այստեղ Ուելսի կապիտան է, այլ ոչ թե արքայազն Հարի»,- NEWS. com.au ինտերնետ-հրատարակությանը հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Պաշտոնական միջոցառումներից հետո արքայազնը ձեռնամուխ կլինի ծառայության, ժամանակի մեծ մասը նա կանցկացնի Սիդնեյում զինված ուժերի ռազմակայանում, բայց նաեւ կհայտնվի Պերտի եւ Դարվինի ռազմակայաններում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ավստրալիայում ծառայելուց հետո Հարին մտադիր է թողնել բանակը: Բրիտանական բանակի շարքերից արքայազնը պլանավորում է հեռանալ հունիսին: Հարիի խոսքով՝ բանակից հեռանալու որոշումն իրեն հեշտությամբ չի տրվել, իսկ բանակային ծառայության տարիները իր հիշողություններում կմնան ամբողջ կյանքում:
Արքայազն Հարին ունի ցամաքային ուժերի կապիտանի կոչում եւ Sandhurst հեղինակավոր ռազմական ակադեմիայի շրջանավարտ է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը' Matt Dunham