ԱՄՆ-ի Արկանզասի նահանգի բնակչուհի Գերտրուդա Ուիվերը, որը 2015 թվականի ապրիլի 1-ին պաշտոնապես դարձել է Երկրագնդի ամենատարեց կինը, երկրի նախագահ Բարաք Օբամային հրավիրել է մասնակցելու իր ծննդյան տարեդարձի երեկույթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press-ը:

 

Հանդիսությունը կայանալու է հուլիսի 4-ին. այդ օրը ամերիկուհին կդառնա 117 տարեկան: Ինչպես գրում է գործակալությունը, Օբամայի ընկերակցությամբ ծննդյան օրը նշելը միշտ էլ եղել Ուիվերի նվիրական երազանքը:

 

«Նա իսկապես ցանկանում է հանդիպել նախագահին: Նա երկու անգամ քվեարկել է Օբամայի օգտին, և դա պարզապես նրա երազանքն է»,-պատմել են առողջության և վերականգնման կենտրոնում, որտեղ ապրում է Գերտրուդան:

 

Կենտրոնի աշխատակիցներից մեկը նշել է, որ անցյալ տարի Օբամային արդեն ուղարկվել է Ուիվերի ծննդյան օրվա հրավերը, բայց բարձրաստիճան հյուրը չի ժամանել: Այս տարի կուղարկվի ևս մեկը:

 

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ Ճապոնիայում 117 տարեկան հասակում վախճանվել է նախորդ տարիքային ռեկորդակիրը՝ 117-ամյա Միսաո Օկավան: Նա սրտի կանգից մահացել է Օսակայի ծերանոցում, որտեղ ապրում էր վերջին մի քանի տարիներին: