Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմիններն ինտենսիվ կերպով շարունակում են աշխատել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքի բոլոր մանրամասները բացահայտելու ուղղությամբ:

 

Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ավետիսյանների սպանության հանգամանքները պարզելու համար ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի անդամ Սուքիաս Ավետիսյանը, ով նոր է վերադարձել Գյումրիից: «Ռուսաստանի Պետդումայի աշխատանքային խմբի ղեկավարը վերջերս լրատվամիջոցներին շատ մանրամասն ներկայացրեց այն աշխատանքները, որոնք այս ընթացքում արել են ռուսական կողմի քննչական մարմինները: Հարցաքննվել է 4000 վկա, որոնք այս կամ այն ձևով կապ են ունեցել Վալերի Պերմյակովի հետ, իրականացվել է 19 տարբեր տեսակի փորձաքննություն, հարուցված է 4 քրեական գործ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ավետիսյանը:

 

Պատգամավորը կաևորեց այն հանգամանքը, որ թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմը հակված են և պնդում են, որ Պերմյակովի դատավարությունը տեղի ունենա Գյումրիում, միգուցե, հենց ռուսական ռազմաբազայի տարածքում, իսկ դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ: «Կարծում եմ, որ մինչ այս պահը քննչական մարմինների աշխատանքի հետ կապված խոչընդոտ չկա, և, եթե լինի, ապա պայմանավորվածություն կա երկու կողմերի խորհրդարանական աշխատանքային խմբերի միջև դրանց ինչ-որ ձև լուծում տալ»,- ընդգծեց Ավետիսյանը:

 

Եզրափակելով խոսքը՝ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ բավարար է համարում երկու կողմերի քննչական մարմինների աշխատանքը՝ ընդծելով, որ Ավետիսյանների սպանության հանգամանքները պարզելու համար ստեղծված հայ-ռուսական միջխորհրդարանական աշխատանքային խումբը դեռևս գործի քննությանը միջամտելու առիթ չի ունեցել, քանի որ քննչական մարմինները մինչ այս պահն օպերատիվ աշխատել են և խոչընդոտների չեն հանդիպել:

 

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանում՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայում: ՌԴ-ից ժամանած խորհրդրանական պատվիրակությունը մարտի 29-ին Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել հունվարի 12-ին զոհված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին: