ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Էդուարդ Ավետիսյանի և քաղաքացի Օնիկ Մկրտչյանի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ավե տիսյանը, և վերջինիս ընկերը՝ Օնիկ Մկրտչյանը, ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով նախնական համաձայնության են եկել ՀՀ ժամանած իրանցի զբոսաշրջիկների վարձակալած բնակարաններից գողություն կատարելու շուրջ, և վերջիններիս բնակարաններից կատարել տարբեր իրերի գողություն:
2014թ. հուլիսի 12-ին' կեսգիշերն անց, Էդուարդ Ավետիսյանը և Օնիկ Մկրտչյանը նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել իրանցի Ռեզա Մ.-ի բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր' վերջինիս պատճառելով զգալի չափերի' 200 հազար ՀՀ դրամի նյութական վնաս: Բացի այդ, Օնիկ Մկրտչանը 2014թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել մեկ այլ բնակարան և գաղտնի հափշտակել ԻԻՀ քաղաքացի Սաֆար Ջ.-ին պատկանող կենցաղային իրեր, հագուստ, ոսկյա մատանի' վերջինիս պատճառելով խոշոր չափերի' մոտ 600 հազար ՀՀ դրամի նյութական վնաս:
ՀՀ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ավետիսյանի և քաղաքացի Օնիկ Մկրտչյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: