Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 3-ին մասնակցել է Բիշքեկում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել ու հավանություն են տվել ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող թվով 14 փաստաթղթերի նախագծերի:

 

Նախարարները համաձայնեցրել են 2015թ. ԱՊՀ շրջանակներում արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների ծրագիրը։ ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության են արժանացրել 2016-2020թթ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումների ծրագիրը, որում ներառված են 120-ից ավել միջոցառումներ։

 

Նիստի ընթացքում համաձայնեցվել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների սահմանային անվտանգության և արտակարգ իրավիճակների բնագավառում փոխգործակցությանն առնչվող փաստաթղթեր: Հավանության են արժանացել կրթության բնագավառի մի շարք փաստաթղթեր։

 

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։

 

Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտարարություն են ընդունել՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակի կապակցությամբ, որը վերահաստատում է հավասար, անբաժան և համապարփակ անվտանգության՝ առանց բաժանարար գծերի և փակ սահմանների Վանկուվերից Վլադիվոստոկ փոխշահավետ համագործակցության հայեցակարգը, Հելսինկիի սկզբունքների խախտման, դրանց կիրառման նկատմամբ ընտրողական մոտեցման, միակողմանի պատժամիջոցների կիրառման, ներառյալ՝ շրջափակումը, այլ պետությունների հաշվին սեփական անվտանգության ամրապնդման անթույլատրելիությունը։ Հայտարարությունը շեշտում է հակամարտությունների բացառապես խաղաղ միջոցներով և համաձայնեցված ձևաչափերում կարգավորման կարևորությունը, ընդգծում է ԵԱՀԿ տարածքում տարբեր ինտեգրացիոն միավորումների երկխոսությունը՝ որպես տարածաշրջանային ինտեգրումն ու համագործակցությունն ապահովող անհրաժեշտ պայման։