Թուրքիան մտադիր է Ղրիմ ոչ պաշտոնական պատվիրակություն ուղարկել՝ տեղեկանալու Ղրիմի թաթարների վիճակի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Պատվիրակության կազմում կլինեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործարարներ: Այդ մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է Քիշնևում Մոլդովայի նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպումից հետո:

 

«Ցավոք, Ղրիմի կառավարությունը հրաժարվել է երկարաձգել թաթարական հեռուստաալիքի հեռարձակման արտոնագիրը, և այն պետք է դադարեցնի աշխատանքը: Մենք մտահոգված ենք այդ իրավիճակով, և նախագահ Թայիփ Էրդողանն այդ հարցը քննարկել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Մենք պատվիրակություն ենք ձևավորել, որը կուսումնասիրի թերակղզում մարդու իրավունքների վիճակը»,- ասել է նա:

 

Թուրքիայի արտգործնախարարությունը վստահ է, որ արտոնագրի ժամկետը երկարաձգելուց հրաժարվելը Ղրիմի թաթարների դեմ քաղաքական ճնշում կիրառելու օրինակ է: