Թուրքիան կաշխատի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան չարտերային թռիչքներ սկսելու ուղղությամբ, երկուշաբթի օրը ասել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է պետական TRT հեռուստաալիքը, գրում է Bloomberg-ը։

Թուրքիայի անսպասելի առաջարկը համահունչ է նախագահ Ջո Բայդենի խնդրանքին, որը հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հորդորել էր բացել երկրի սահմանը դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ։ Այս մասին ավելի վաղ Bloomberg-ին հայտնել էր թուրք բարձրաստիճան պաշտոնյան:

Թուրքիան հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի ձեռնարկումը կօգնի Անկարային բարելավել իր լարված հարաբերությունները Վաշինգտոնի հետ՝ կապված ռուսական հակաօդային պաշտպանության գնման հետ: Բայդենի և Էրդողանի հանդիպումից հետո երկու երկրները ստեղծել են մեխանիզմ՝ լուծելու այն խնդիրները, որոնք «թունավորել են» ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերությունները, որոնք կիսում են անվտանգության և տնտեսական ավելի լայն շահերը:

Էրդողանը կարող է մեծ օգուտներ քաղել արտաքին քաղաքականության ցանկացած քայլից, որն օգնում է կայունացնել տնտեսությունը, քանի որ գնաճը սպառնում է նրա ժողովրդականությանը 2023 թվականի քվեարկությունից առաջ, գրում է Bloomberg-ը: