168.am  Թուրքական մամուլի (Milliyet թերթ, İsveç Postası լրատվական պորտալ) փոխանցմամբ' 2003 թվականին Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը և ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը ստորագրել են գաղտնի համաձայնագիր, որի մանրամասները հայտնի են դառնում միայն այժմ՝ 10 տարի անց:

 

Այն բանից հետո, ինչ Թուրքիայի խորհրդարանը 2003 թվականի մարտի 1-ին բարդացրեց ԱՄՆ-ի կողմից Իրաքի գրավումը, երկու երկրների միջև փչեցին սառը քամիներ: ԱՄՆ-ը ցանկանում էր Իրաքի գրավման համար Թուրքիայում տեղակայել 80.000 զինծառայող ու 250 մարտական ինքնաթիռ՝ դրանով իսկ Իրաքի համար բացելով հյուսիսային ճակատ, սակայն Թուրքիայի խորհրդարանը մարտի 1-ին չթույլատրեց դա (փետրվարի 25-ից քննարկման մեջ դրված այդ հարցի շուրջ մարտի 1-ին անցկացված քվեարկության ժամանակ 533 պատգամավորից կողմ արտահայտվեց 264-ը, դեմ՝ 250-ը, ձեռնպահ՝ 19-ը:

 

Դրանով իսկ՝ օրինագիծը համարվեց չընդունված, քանի որ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ դրա համար անհրաժեշտ էր սովորական մեծամասնություն՝ 268 քվե – 168.am): Milliyet թերթի հոդվածագիր Ֆիքրեթ Բիլան ներկայացրել է այդ ժամանակ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև կնքված գաղտնի համաձայնագրի մանրամասները, որոնց մասին Թուրքիայում խոսակցություններ էին շրջանառվում արդեն 10 տարի:

 

Մարտի 1-ին Թուրքիայի խորհրդարանի կողմից վերոնշյալ օրինագծի մերժումից առաջ և հետո թուրք և ամերիկացի չինովնիկների միջև անցկացվել են բանակցություններ և կնքվել են գաղտնի համաձայնագրեր: Իրաքի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը սկսվեց մարտի 20-ին, ինչից հետո Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր: Դրանցից ամենաշատ քննարկվածը Գյուլի ու Փաուելի միջև կնքված գաղտնի համաձայնագիրն է, որը բաղկացած է 2 էջից ու 9 կետից:

 

Գյուլի ու Փաուելի հանդիպումը կայացել է 2003 թվականի ապրիլի 2-ին (թուրքական այլ թերթերի պնդմամբ' կողմերի միջև համաձայնությունը ձեռք է բերվել ապրիլի 2-ին, սակայն փաստաթուղթը ստորագրվել է ապրիլի 7-ին): Թուրքական մամուլի բնորոշմամբ' դա Թուրքիայի ազգային շահերի դեմ ուղղված համաձայնագիր էր, որով Թուրքիան խոշոր զիջումների է գնացել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) և այլ հարցերում:

 

Մասնավորապես, դրանով Թուրքիան պարտավորվել է ամերիկյան ռազմական գործողության ժամանակ անխոս ընդունել Վաշինգտոնի պայմանները, այդ ընթացքում գործողություններ չձեռնարկել PKK-ի դեմ, վերջ դնել անդրսահմանային գործողություններին, դրանք իրականացնել միայն ԱՄՆ-ի թույլտվությամբ, Հյուսիսային Իրաքից դուրս բերել թուրք հատուկջոկատայիններին և այլ զինծառայողների:

 

Եթե Թուրքիան առանց ԱՄՆ-ին իրազեկելու և առանց նրա թույլտվությունը ստանալու ռազմական գործողություն իրականացնի PKK-ի դեմ, ապա ԱՄՆ-ը դա կհամարի քուրդ ժողովրդի դեմ բռնի գործողություն և Թուրքիային կպատասխանի բեռնարգելքով և քաղաքական ու ռազմական պատժամիջոցներով: ԱՄՆ-ի պահանջներին համապատասխան՝ Թուրքիան համաձայնագրի 4-րդ կետով պարտավորվել է նվազեցնել իր բանակի և ընդհանրապես զինված ուժերի թվակազմը: Պետք է մասնավորապես նվազեցվի տանկերի ու ծանր զինատեսակների քանակը, սահմանափակվելու է կործանիչների քանակը:

 

Թուրքիան 5-րդ կետով պարտավորվում էր պաշտոնապես ճանաչել Հյուսիսային Իրաքում «Քրդստանի» (թուրքական մամուլի բնորոշմամբ' խամաճիկ պետության) ստեղծումը, Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթղթում վերացնել այն դրույթը, որ Հյուսիսային Իրաքում պետության ստեղծումը կարող է հանդիսանալ պատերազմի պատճառ: Թուրքիան չպետք է արձագանքի Հյուսիսային Իրաքի թուրքմեններին իրենց բնակության վայրերից զանգվածային տեղահանմանը: Համաձայնագրի երրորդ կետն առնչվում է Իրանին:

 

Թուրքիան պարտավորվել է աջակցել Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությանը և անհրաժեշտության դեպքում փակել նրա առջև դռները: Թուրքիայի տարածքում պետք է տեղակայվեն ամերիկյան հակահրթիռային վահան ու ամերիկյան Patriot զենիթա-հրթիռային համալիրներ: 8-րդ կետն առնչվում էր Կիպրոսի խնդրին և Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

 

Թուրքիան պետք է չնչին փոփոխություններով ի կատար ածի Կիպրոսի վերաբերյալ Քոֆի Անանի պլանը, պետք է ավելի ճկուն դիրքորոշում որդեգրի Էգեյան ծովին առնչվող Հունաստանի պահանջների նկատմամբ, սահմանափակի թուրքական կործանիչների թռիչքները և լուծի երկու երկրների մարտական ինքնաթիռների միջև հաճախակի գրանցվող «շնային մարտերի» խնդիրը: Համաձայնագրի 9-րդ (վերջին) հոդվածն առնչվում էր հայ-թուրքական հարաբերություններին:

 

Թուրքիան պարտավորվում էր Հայաստանի հետ օդային միջանցքի բացմամբ պայմաններ ստեղծել իր տարածքում անլեգալ աշխատող Հայաստանի 70.000 քաղաքացիների համար, կարգավորել և բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները, հայերի համար բարենպաստ պայմաններ ստեղծել սահմանային առևտուր ծավալելու համար, ինչպես նաև վերացնել Թուրքիայի մի շարք շրջաններ հայերի այցելությանն առնչվող սահմանափակումները: