Գավառի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում, երիտասարդների մասնակցությամբ քննարկվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից ներկայացված «ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ծրագիր»-ը: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ քննարկմանը ներկա էին Գավառի պետական համալսարանի ուսխորհրդի, գիտխորհրդի ներկայացուցիչները, տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների, Գեղարքունիքի մարզպետին առընթեր Երիտասարդական խորհրդի անդամները, Գավառի ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտները, ուսանողներ եւ ակտիվ երիտասարդներ:

 

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության, ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Արմենուհի Պետրոսյանն անդրադարձավ ՙՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ծրագիր»-ի հետ կապված խնդիրներին: «Անհրաժեշտ է զարգացնել մարզային երիտասարդական կազմակերպությունների կարողությունները եւ կատարելագործել մարզպետարանների աշխատակազմերի համապատասխան մասնագետների' երիտասարդության ոլորտի վերաբերյալ մասնագիտական հմտությունները»,- նշեց նա:

 

Ծրագրի մեկնարկը կտրվի մայիսի 1-ին, այն կավարտվի 2017 թվականի դեկտեմբերի 30-ին: Ծրագրի իրականացումը կհամակարգի տարբեր նախարարությունների ներկայացուցիչներից կազմված միջգերատեսչական հանձնաժողովը: Ծրագիրը լուծելու է մարզային երիտասարդության իրավագիտակցական մակարդակի բարձրացման, մասնագիտական կողմնորոշման, բիզնես սկսելու եւ վարելու հետ կապված խնդիրները:

 

Բանախոսը նշեց, որ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է նաեւ մարզային երիտասարդության արտագաղթի եւ ներքին միգրացիոն գործընթացների կանխում:

 

Խոսրով Խլղաթյան